Արդեն սովորական երեւույթ է դարձել դատական համակարգից դժգոհ քաղաքացիների այցելությունը «Ժողովուրդ»-ի խմբագրություն: Մեզ դիմող բազմաթիվ քաղաքացիները բողոքում են դատարաններից, որոնք, մակերեսային կերպով դատաքննելով իրենց հայցերը, անարդարացի վճիռներ են կայացնում:
Հերթական այցելուն Երեւան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Գոգոլի փողոցի 16 տան բնակիչ 48-ամյա Վարուժան Չիթչյանն է: Ժառանգության իրավունքի հետ կապված նրա հայցը, 2009թ.-ից սկսած, լսվել է Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական, ՀՀ վճռաբեկ դատարաններում, սակայն, հայցվորի պնդմամբ, արդարացի վճիռներ չեն կայացվել:
Վ. Չիթչյանը փորձում է ծնողներից մնացած նշված հասցեի սեփական տան իր հատվածի նկատմամբ ժառանգության իրավունքն օրինական փաստաթղթերով հաստատել ու դիմում է դատարան: Նրա եղբայրներ Վահրամ եւ Վլադիմիր Չիթչյաններն ընդդիմանում են՝ պահանջելով հավասարապես ընդունել ժառանգությունը եւ վերջինիս փաստի տիրապետումը, հակընդդեմ հայցով դիմում են դատարան: Վարուժանը պահանջում է հայցը լուծել դատական կարգով:
Եղբայրները դիմում են ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ պահանջելով առանձնացնել իրենց բաժնեմասերը: Վ. Չիթչյանը հանդես է գալիս հակընդդեմ պահանջով` վերականգնել իր խախտված իրավունքները, քանդել օրինական տանը կից կառուցված ինքնակամ կառույցները եւ վերադառնալ նախկին վիճակին: Հայցին լուծում տալու նպատակով նշանակվում է դատաշինարարատեխնիկական փորձաքննություն: Այն իրականացնելու համար Վահրամ Չիթչյանի ներկայացուցչի կողմից հրավիրվում է «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ն, որի կողմից տրված եզրակացությունը հետագա դատական գործընթացներում դառնում է գործով միակ իրավական փաստաթուղթը: ՍՊԸ-ի մասնագետից պահանջվում է պարզել, թե հնարավոր է արդյոք Գոգոլի 16 տունը, օրինական հողամասը եւ օրինական շինությունները բաժանել 3 հավասար մասի:
2010թ. փետրվարի 16-ին «Էքսպերտ լաբորատորիա»-ի փորձագետ Ա. Արսենյանի կողմից սկսվում են փորձաքննական աշխատանքները եւ ավարտվում մարտի 29-ին: Վերջինս տալիս է մասնագիտական եզրակացություն, ու մի շարք պահանջներից եւ նորմատիվ ակտերից ելնելով՝ գտնում է, որ Գոգոլի 16 հասցեի 1/3 բաժնեմասի առանձնացումը բաժնային սեփականություն հանդիսացող հողամասից եւ օրինական շինություններից հնարավոր է իրականացնել՝ որոշակի հողամաս ընդհանուր օգտագործման թողնելով, հատկացման ենթակա մակերեսների որոշակի շեղմամբ: Փաստաթղթում նշված է, թե եղբայրներից յուրաքանչյուրին ինչ չափի սեփականության իրավունք պետք է հատկացվի:
Վարուժան Չիթչյանը պնդում է, որ փորձաքննական եզրակացությունն «անօրինական է, ուղղորդված է եղբոր` Վահրամի կողմից, հետեւաբար չի կարող գործով ապացույց համարվել»: Նա ներկայացնում է մի շարք փաստաթղթեր, որոնցով ապացուցվում է, որ «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ն զբաղվում է ապօրինի գործունեությամբ: Մասնավորապես ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2008թ-ի դեկտեմբերի 9-ի թիվ 08-391Լ հրամանի համաձայն՝ «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ի անշարժ գույքի գնահատման գործունեության ԱԳN0034 արտոնագիրը ճանաչվում է ուժը կորցրած ու պահանջվում է դադարեցնել գործունեությունը: Սակայն դա ոչ միայն չի խանգարում ՍՊԸ-ին շարունակել գործունեությունը, այլեւ 2010թ.-ի մարտի 29-ին տալ իրավական փաստաթուղթ համարվող եզրակացություն:
Ապա ՀՀ քաղաքաշինության նախարարությունը Վ. Չիթչյանի հարցմանը տալիս է գրավոր պատասխան, որով հավաստում է, որ նշված ՍՊԸ-ին իրենց կողմից արտոնագիր չի տրամադրվել: Բացի այդ, առկա է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության գրավոր պատասխանը՝ ուղղված Չիթչյանին, որով պարզ է դառնում, որ 2007-2010թթ. ՍՊԸ-ի կողմից շինարարատեխնիկական փորձաքննության եզրակացություն է տրվել թվով 9 պատվիրատուի` չունենալով իրավասություն, ինչի համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով առաջադրվել է 204.000 դրամի չափով տուգանք: Հետագայում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի տարածքային բաժնից Չիթչյանին հայտնել են, որ «Էքսպերտ լաբորատորիա» ՍՊԸ-ի տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության եւ տուգանվել 20.000 դրամով՝ անհատական հաշվի բացման հայտերը եւ անհատական հաշվետվությունները սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու համար:
«Ու ՀՀ դատարաններն այսքանից հետո անհայտ ծագման, ապօրինի ու կեղծ ընկերության փորձագիտական եզրակացությունը համարում են իրավաչափ ու դրա հիման վրա կայացնում անտրամաբանական վճիռներ: Ինչպե՞ս վարվեն քաղաքացիները, երբ անաչառ դատաքննության իրավունքները ոտնահարվում են: Գուցե մարդու իրավունքների հիմնարար իրավական ակտերն աչքակապության կամ դեմոկրատիայի պատրանք ստեղծելու համա՞ր են»,-ասում է Վարուժան Չիթչյանը:
ԿԱՅԱՑՎԱԾ ՎՃՌԻ ՀԻՄՔԵՐՆ ԱՊՕՐԻՆԻ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ