ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՎԱՐՈՐԴՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարությունն  անհատ տաքսու վարորդներին համապատասխան որոշմամբ ստիպում է մտնել հարկային դաշտ: Այս որոշման դեմ մեկ անգամ չէ, որ զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Գյումրիում, մայրաքաղաքում եւ հանրապետության մյուս բնակավայրերում: Երեք տարի առաջ պայքարի արդյունքում տաքսու վարորդներին հաջողվեց հասնել նրան, որ կառավարությունը փոփոխություններ կատարեց ժամկետներում: Որոշման համաձայն՝ տաքսու վարորդները նախ պետք է փոխարինեն սպիտակ պետհամարանիշերը դեղինով, բացի այդ, պետք է վճարեն 16.500 դրամ գույքահարկ` նախկին 12.000 դրամի փոխարեն: Գյումրեցի վարորդները հայտարարում են, որ չեն հանգստանա այնքան ժամանակ, մինչեւ կառավարության որոշումը չեղյալ հայտարարվի: Ահա թե ինչու կազմակերպել էին հերթական բողոքի ակցիան՝ այդ մասին իրազեկելով տեղական եւ մարզային իշխանություններին: Բացի այդ, նրանք նաեւ բողոք նամակներ են գրել՝ ուղղված վարչապետին, նախագահին:
Նշենք, որ կառավարության որոշումն ուժի մեջ կմտնի հուլիսի մեկից, եւ անհատ տաքսու վարորդներն այդուհետ ստիպված են լինելու գործել հարկային դաշտում, հակառակ պարագայում կկիրառվեն տույժ ու տուգանքների մեթոդները: Ամեն ամիս նրանք վճարելու են հաստատագրված 20.000 դրամ գումար՝ անկախ այն հանգամանքից՝ այդքան գումար աշխատել են, թե ոչ: Վարորդների համոզմամբ` կառավարության հիշյալ որոշումը բխում է որոշ մարդկանց շահերից, որոնք չեն ուզում հասկանալ, որ Գյումրիում աշխատող վարորդն ի վիճակի չէ կատարել սահմանված հարկային պարտավորությունները:
«Օրվա աշխատանքը հաց կառնինք կուտենք, էդ էլ գուզեն ձեռքներիցս առնին: Լիցենզիա գուզեն, դեղին համար գուզեն, հարկային դաշտ գուզեն, բայց որտեղի՞ց, մենք ի վիճակի չենք: Եթե օրական մի 20.000 աշխատեի, պրոբլեմ չէ, կասեի՝ պետությո՛ւն, էսքանը քեզ: Հիմա չեմ կրնա»,-դժգոհեց բողոքի ակցիայի մասնակիցներից վարորդ Ռուբեն Սիմոնյանը: Մեկ ուրիշի խոսքերով էլ՝ գործադիրը չպետք է համատարած աղքատության մեջ գտնվող մարզերը համեմատի Երեւանի հետ, հարկավոր է տարբերակված մոտեցում ցուցաբերել: «Աշխատանքի տեղ չկա: Սեփական մեքենաս է, բայց ես չեմ ուզում իմ մեքենայի վրա դեղին համար դնել:  Կամ էդ հարկերը, որ կաբինետներում նստած՝ որոշել են, խելքի մո՞տ են: Իհարկե չէ՛, շատ բաներ իրանք հաշվի չեն առնի, որ օրվա հացի կարոտ ժողովրդի հետ գործ ունին: Մենք չենք հասցնում երեխա մեծացնել, տուն պահել, հետո էլ ասում են` երկիրն ենք ծաղկեցնում»,-իր զայրույթը հայտնեց 65-ամյա թոշակառու Վարդան Վարդանյանը: Նա ընտանիքի միակ աշխատողն է եւ իր պատմելով՝ խնամքի տակ ունի որբ մնացած 2 թոռ:
Հարկ է նշել, որ վարորդներին լսեցին միայն լրագրողները: Թեեւ բողոքի ակցիայի մասին տեղի իշխանություններն իրազեկված էին: Վարորդները սպասում են գործադիրին եւ նախագահին ուղարկած նամակների պատասխաններին, որոնց բովանդակությունից  կախված էլ՝ կորոշեն իրենց հետագա գործողությունները:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս