Դեկտեմբերին պարենային ապրանքների և խմիչքի գներն աճել են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2014 թվականի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 5.6% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է կաթնամթերքի՝ 5.8%, սուրճի, թեյի, կակաոյի՝ 6.1%, մրգի՝ 8.3%, շաքարավազի՝ 9.6%, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 18.2% գնաճով:

Այս ցուցանիշներն այսօր՝ դեկտեմբերի  30-ին, ներկայացրել է Ազգային վիճակագրական ծառայությունը՝ նշելով, որ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից, որոնցում ներառված են 140 անվանում պարենային ապրանքներ, 12-ում նշված ժամանակահատվածում արձանագրվել է 0.3-18.2% գնաճ, իսկ ձկնամթերքի ապրանքախմբում՝ 0.3% գնանկում:

Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 7.9%, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ` 18.2% գնաճ:

Վերջինս մեծապես պայմանավորվել է կանաչ սոխի՝ 20.3%, լոլիկի` 27.8%, խառը կանաչեղենի՝ 41.2%, վարունգի՝ 56.2%, կանաչ պղպեղի` 2.2 անգամ, սմբուկի 2.5 անգամ գնաճով:

Այս տարի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ կաղամբի գինն աճել է 1.2%-ով, ճակնդեղինը՝ 2.1%-ով, սնկինը՝ 2.9%-ով, գազարինը` 6.3%-ով, գլուխ սոխինը՝ 17.0%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է կարտոֆիլի` 7.6%, ծաղկակաղամբի՝ 6.2%, բողկի՝ 4.7%, սխտորի 1.7% գնանկում: Շաքարավազի գինը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 9.6%-ով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ 6.9%-ով:Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է շաքարավազի 4.6-15.4% գնաճ:

Մայրաքաղաքում շաքարավազի գինն աճել է 10.3%-ով: Մրգի ապրանքախմբում նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ ընթացիկ ամսում գրանցվել է 14.6% գնաճ, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 8.3% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է ընկույզի միջուկի՝ 8.4%, նռան՝ 9.3%, չորացրած մրգի՝ 11.4%, խնձորի՝ 14.5%, տանձի` 16.4%, արքայանարնջի 36.7% գնաճով: 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է ադամաթզի՝ 5.5%, խաղողի՝ 5.7%, չամիչի 7.0% գնաճ:

Նվազել է կիտրոնի գինը 7.2%-ով, մանդարինինը՝ 6.2%-ով, նարնջինը՝ 5.3%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է մրգի`0.9-13.5% գնաճ, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Վաղարշապատում: Մայրաքաղաքում մրգի գներն աճել են 8.0%-ով: 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ կաթնամթերքի ապրանքախմբում արձանագրվել է 13.1%, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 5.8% գնաճ:

Վերջինս հիմնականում պայմանավորվել է մայոնեզի՝ 6.4%, մածունի 12.1%, թթվասերի՝ 14.5%, կաթնաշոռի՝ 15.5%, յոգուրտի՝ 27.0% գնաճով: 2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է թարմ կաթի՝ 1.6%, խտացրած կաթի՝ 3.4%, «Լոռի», «Չանախ» և «Չեդեր» պանրատեսակների՝ համապատասխանաբար 0.9%, 1.3 և 5.1% գնաճ: Հացամթերքի ապրանքախմբում 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 5.9%, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ`4.3% գնաճ՝ պայմանավորված բարձր և առաջին տեսակի ալյուրի՝ համապատասխանաբար 4.0 և 4.9%, հաճարի՝ 4.3%, բրնձի՝ 6.2%, բլղուրի՝ 6.4%, ոլոռի՝ 9.4%, ոսպի՝ 11.6%, հնդկացորենի 24.8% գնաճով:

Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ աճել է 2.1%-ով, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 4.0%-ով: Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ գրանցվել է 1.9%, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ ՝ 3.6%, գնաճ:

2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է կարագի՝ 2.1%, մարգարինի՝ 5.3%, արևածաղկի բուսական յուղի՝ 5.9 %, այլ յուղերի (հալած յուղ) 6.7% գնաճ: 2014թ. դեկտեմբերին 2013թ. դեկտեմբերի համեմատ մսամթերքի գներն աճել են 3.3%-ով, իսկ 2014թ. նոյեմբերի համեմատ՝ 2.3%-ով:

2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչխարի և խոզի մսերի՝ համապատասխանաբար 0.8% և 1.8%, տավարի ֆիլեի՝ 1.7%, խոզապուխտի՝ 2.3%, այլ մսեղենի (խաշի պարագաներ)`3.3%, տավարի մսի պահածոյի՝ 3.5%, բարձր տեսակի ապխտած, կիսաապխտած և եփած երշիկների՝ համապատասխանաբար 3.5%, 3.6%, 3.7%, նրբերշիկի՝ 4.2%, բաստուրմայի՝ 4.5%, հավի բդի 9.7% գնաճ: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է տավարի մսի 0.3% գնանկում:

2014թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ոչ ոգելից խմիչքի՝ 0.3%, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.3%, այլ մթերքի՝ 1.0%, հրուշակեղենի 1.2% գնաճ:




Լրահոս