Հայաստանի օլիգարխները եւ խոշոր գործարարները երեկ հավաքվել էին նախագահականում: Սերժ Սարգսյանը նրանց հրավիրել էր ամենամյա ամանորյա ընդունելությանը: Եթե փորձենք Հայաստանի ախտանիշը հակիրճ ձեւակերպել` հասկանալու համար, թե ինչու է մեր տնտեսությունը նման ողբերգական վիճակում, ինչու են մարդիկ փախչում իրենց հայրենիքից, ապա պիտի ասենք, որ այդ հիվանդությունն ամբողջությամբ ինքնադրսեւորվում է համանման ընդունելությունների ժամանակ: Երբ որպես գործարար միջոցառմանը մասնակցում են մարդիկ, ովքեր ՀՀ Սահմանադրությամբ իրավունք չունեն ձեռներեցությամբ զբաղվելու: Այս հակասահմանադրական իրողության դրսեւորումներից է «գործարար-պատգամավոր» արտահայտությունը, որը լայն կիրառություն է ստացել, չնայած, որ այն Սահմանադրության կոպտագույն խախտման մասին է փաստում: Մեր երկրի մայր օրենքում սեւով սպիտակի վրա գրված է, որ գործարար եւ պատգամավոր, գործարար եւ նախարար, գործարար եւ վարչապետ, գործարար եւ նախագահ բառերը միասին չեն կարող օգտագործվել: Հայաստանի խնդիրները մեր կյանքի անբաժանելի մաս կազմող այս երեւույթի գոյությամբ են պայմանավորված: Մի երկիր, որտեղ երկրի խորհրդարանի երկու ամենամեծ խմբակցությունների (ՀՀԿ եւ ԲՀԿ) կեսից ավելին խոշոր գործարարներ են, որոնք օրվա մի կեսը պատգամավոր են, մյուսին՝ գործարար, որտեղ վարչապետն ավելի շուտ գործարար է, քան պետական պաշտոնյա, չի կարող զարգացող տնտեսություն ունենալ:
Վրաստանում գործող վիզային ռեժիմը, որի արդյունքում ՀՀ քաղաքացիները 90 օրից ավել չեն կարող մնալ այդ երկրի տարածքում, կփոխվի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, երբ դեկտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Վրաստան, վրացահայ պատգամավորները նրան հորդորել են այս հարցը բարձրացնել վրաց գործընկերների հետ բանակցությունների ժամանակ: Ստեղծված իրավիճակի շուրջ Հայաստանի վարչապետը զրուցել է Վրաստանի ղեկավարության հետ եւ նրանց փոխանցել վրացահայության մտահոգությունները, որոնց մի մասը ՀՀ քաղաքացի է: Մեր տեղեկություններով՝ օրերս Վրաստանի Կառավարությունից բարձրաստիճան մի պաշտոնյա զանգահարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանին եւ խոստացել, որ առաջիկայում վիզային ռեժիմի կարգը փոփոխության կենթարկվի: Ինչպես հայտնի է՝ Վրաստանի եւ ՌԴ հարաբերությունների սրվելուց հետո հազարավոր վրացահայեր Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնելու համար ՀՀ քաղաքացիություն են ստացել:
Երեկ Երեւանի քաղաքապետարանը Տարոն Մարգարյանի գլխավորությամբ հերթական «ուտուշ-խմուշն» է կազմակերպել, այս անգամ արդեն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ներկայացուցիչների մասնակցությամբ, «Փարվանա» ռեստորանային համալիրում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս միջոցառմանը ներկա են եղել ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամներ Սամվել Ալեքսանյանը, Կորյուն Նահապետյանը, Կարեն Ավագյանը, Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհեր, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ այլք: Այս քեֆերը, որոնք կազմակերպվում են գրեթե ամենօրյա ռեժիմով` օրը մեկ վարչական շրջանում, ինչ-որ առումով նաեւ կարելի է համարել իշխանական ակտիվի «գույքագրում»: «Ժողովուրդ»-ն արդեն տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանը հատուկ հրահանգել է, որ Ամանորի տոների «ուտուշ-խմուշները» օգտագործվեն իշխանության հավատարիմների շրջանակը եւս մեկ անգամ ճշտելու համար:
Հայաստանի՝ երբեմնի միակ ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերությունը դեռեւս մեկուկես ամիս առաջ սնանկ էր ճանաչվել: «Ժողովուրդ»-ի ձեռքի տակ է հայտնվել «Արմավիայի» պարտատերերի ցուցակը: Այն, մեղմ ասած, տպավորիչ է: Ընդհանուր հաշվով «Արմավիան» տարբեր չափի գումարներ է պարտք 122 անհատ անձանց, նրանք հիմնականում ընկերության աշխատակիցներն են, եւ 27 ընկերությունների: Միայն դոլարով պարտքը կազմում է մոտ 90 միլիոն, դրամով պարտքերի շարանը, կարծես, վերջ չունի: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ անհատներից եւ մասնավոր ընկերություններից բացի՝ «Արմավիան» նաեւ հարկային պարտավորություններ ունի Հայաստանի նկատմամբ` 31 միլիարդ 357 միլիոն դրամ եւ 2 միլիոն դոլար:
ՀԵՏՆԱԲԱԿԱՅԻՆ
Այսօր Մոսկվայում կկայանա ԵՏՄ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովը, որը վերջինն է այդ միության փաստացի գործարկումից առաջ: Ու չնայած դրան` այս գագաթնաժողովում կուլիսներից անդին քննարկման կարոտ խնդիրներն ու չլուծված հարցերը ոչ միայն չեն նվազել, այլեւ անհամեմատ ավելի են խորացել: Հենց միայն նախօրեին ԵՏՄ անդամ երկու երկրների ղեկավարների` Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի` Կիեւ կատարած այցերը եւ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հանդիպումներում հնչեցրած հայտարարությունները, այն էլ` Պուտինի վերջին ասուլիսում արած շեշտադրումների ֆոնին, արդեն իսկ ցույց են տալիս, որ ԵՏՄ անդամ պետություններն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա նման են կռիլովյան կարապին, խեցգետնին եւ գայլաձկանը, այն տարբերությամբ միայն, որ այդ երեքը հիմա առավել եռանդուն են սկսել տարբեր ուղղություններով շարժումներ անել:
Եվ եթե նախկինում գայլաձուկը, այսինքն՝ Ռուսաստանը, այնպիսի դիրքում էր, որ կարող էր թելադրել շարժման ուղղությունը, ապա հիմա այն զգալիորեն թուլացել է, եւ կարապն ու խեցգետինն այլեւս անթաքույց կերպով են ռեվերանսներ անում Արեւմուտքին:
Անցած կիրակի Կիեւ այցելած Նազարբաեւը հատուկ եւս մեկ անգամ վերահաստատեց Ղազախստանի պաշտոնական դիրքորոշումը Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը ճանաչելու, ասել է թե` Ղրիմի բռնակցումը չընդունելու մասին: Հայտարարվեց նաեւ Ուկրաինայի հետ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցություն սկսելու մասին, իսկ Լուկաշենկոն էլ որերորդ անգամ քարը քարին չթողեց` քննադատելով Ռուսաստանի իշխանություններին եւ Ուկրաինայի նախագահին՝ ասելով, թե Մինսկը պատրաստ է մեկ օրում իրականացնելու Ուկրաինայի ցանկացած խնդրանք, քանի որ նրանք «հարեւաններ են, հարազատ մարդիկ, եւ դա երբեք չի փոխվելու»` այդպիսով եւս առավել քան հստակ ուղերձ փոխանցելով Պուտինին:
Իհարկե, այս այցերով եւ հայտարարություններով թե՛ Բելառուսը, թե՛ Ղազախստանը, բացի արեւմտյան կամուրջները չայրելուց, փորձում են որոշակիորեն մեծացնել իրենց արժեքը այսօրվա գագաթնաժողովում քննարկվելիք մի շարք հարցերում: Մի բան, ինչը չի կարող անել Հայաստանը, քանի որ մեր իշխանությունների անհեռատես քաղաքականության արդյունքում անցած երկու տասնամյակների ընթացքում այդպես էլ չհաջողվեց ներկայանալ որպես հետաքրքիր եւ ցանկալի գործընկեր պետություն ո՛չ Ղազախստանի, ո՛չ Բելառուսի եւ առավել եւս ո՛չ էլ Ուկրաինայի համար` չնայած առկա բավարար նախապայմաններին: Եվ արդյունքում Հայաստանն այսօր եւ, ցավոք, տեսանելի ապագայում այլ տեղ չի ունենալու, քան Ռուսաստանի քաղաքական հետնաբակը: