Մի քանի օրից Հայաստանը կթեւակոխի 2015թ.՝ ետեւում թողնելով 2014-ն ու դրա մատուցած ամբողջ թոհուբոհը: Հատկանշական է, որ անցնող տարին մեր պետության համար որեւէ իրական առաջընթաց չբերեց, ինչը ներկայումս տեղի ունեցող միտումների համատեքստում խիստ վրդովեցուցիչ հանգամանք է: Ըստ երեւույթին՝ 2014 թվականին սկսված գործընթացներն իրենց հաստատումին են սպասելու գալիք տարի, եւ վերջինս է առարկայականորեն գնահատելու նրա նշանակությունը եւ կանխորոշելու պատմության առաջ նրա պատասխանատվության աստիճանը:
Վարչապե՞տն էր մեղավոր
2014թ. հիշարժան իրադարձություններից առաջինը վարչապետի պաշտոնից Տիգրան Սարգսյանի ազատումն էր: Վերջին տարիներին ակտուալ թեմաներից մեկը համարվում է Սերժ Սարգսյանի իրավահաջորդների հիմնահարցը, որոնց շարքում հիշվում էր նաեւ Տիգրան Սարգսյանը՝ որպես «նորօրյա Խրուշչյով»: Այդուհանդերձ, կյանքը ցույց տվեց, որ նախկին ԱԺՄ-ականին նախագահ դառնալու բախտ վիճակված չէր, եւ ով Սերժ Սարգսյանի կողմից «զոհաբերվեց» ներքաղաքական հարցերում դիվիդենտներ վաստակելու համար: Պատահական չէ, որ Տիգրան Սարգսյանի հեռացումը տեղի ունեցավ բավականին դյուրին, ինչի արդյունքում թվաց, թե դա ձեռնտու էր քաղաքական գրեթե բոլոր խաղացողներին: Նորընծա դեսպանը երկրի ներսում սոցիալական ոչ մի հենարան չուներ եւ հաճախ էր ինքնանպատակ գործողություններով հարվածում քրեաօլիգարխիկ համակարգի զանազան ներկայացուցիչներին:
Այս իրավիճակում, ըստ էության, գրեթե բոլորը շահող դուրս եկան. Սերժ Սարգսյանը զոհեց վարչապետին եռյակ/քառյակի դեմ վարվող շախմատում՝ վերջինիս կանգնեցնելով «ցուգցվանգի» առաջ, ԲՀԿ-ն վարչապետի աթոռում իրեն անհաճո Տիգրան Սարգսյանին փոխարինեց խնամի Աբրահամյանով, իսկ վերջինս էլ վերջապես ստացավ Կառավարության ղեկավարի՝ իր կողմից տարիներով երազած պաշտոնը՝ ակամայից կանգնելով ապագայում զոհաբերման հարմար ֆիգուր դառնալու վտանգի առաջ: Իսկ, ահա, ժողովուրդը կրկին մնաց ձեռնունայն՝ խաղարկվելով «վարչապետափոխության» արարում: Քչերը հարցրին՝ ի՞նչ էր իրենից ներկայացնում քաղաքական անհիմն ամբիցիաներ ունեցող, սակայն գործնական պոտենցիա չունեցող Տիգրան Սարգսյանը, երբ փաստ է, որ Հայաստանում իրականում մի հոգի է հարց լուծողը:
Իշխանափոխությո՞ւն, թե՞ …
2014թ. գործնական դարձավ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծությունը եւ հանրահավաքային համատեղ գործողություններ տեղի ունեցան ՀԱԿ-ԲՀԿ-Ժառանգություն ֆորմատով: Որքան էլ սույն դաշինքը բնութագրվեց որպես անբնական միավորում, այն փաստացիորեն կարողացավ երկու բազմահազարանոց հանրահավաք անցկացնել Երեւանում, իսկ մի քանի ամիս առաջ նպաստել Տ. Սարգսյանի պաշտոնանկությանը: Այսուհանդերձ, այս միավորումը համաժողովրդական գործին առայժմ որեւիցե նպաստ չի բերել: Միաժամանակ հարկ է նկատել, որ իրական իշխանափոխությանը միտված գործողությունների անցնելու հարցում միավորումը պայմանավորվել չկարողացավ՝ սահմանափակվելով ոչինչ չասող շտաբների բացման գործողություններով: Իրականում տարօրինակ է, որ ողջ հանրապետությունով սփռվող հեռուստաընկերություն ունենալու եւ ինֆորմացիան տեղ հասցնելու խնդիր չունեցող դաշինքն առաջնորդվում է 20-րդ դարում մնացած մեթոդներով: Նման իրավիճակը հուշում է, որ դաշինքի հանգրվանը կա՛մ իշխանափոխությունը չէ, կա՛մ էլ դա ձգձգվում է ինչ-ինչ ներքին կամ արտաքին շրջանակների ձեռամբ: Ըստ էության, ակնհայտ է, որ այս համախմբումը խոստանում է զարգացումներ արձանագրել 2015թ., եւ այդ ժամանակ միայն պարզ կլինի՝ դաշինքը կպառակտվի, թե կհաղթի: Որքան էլ ԲՀԿ-ն հանդարտ գործողությունների քարոզ հնչեցնի, այդուհանդերձ, հազիվ թե հնարավոր կլինի, ամիսը մեկ հանրահավաք անելով, նույն հռետորաբանությամբ հասնել 2017թ.:
ԵՏՄ. դարավոր երազանք
2013թ.-ին Սերժ Սարգսյանը հռչակեց հայ ազգի «դարավոր երազանքը»՝ հայտարարելով ԵՏՄ-ին միանալու մասին: Ամիսներ տեւած ձգձգումներից հետո՝ 2014թ. հոկտեմբերի 10-ին, վերջապես ստորագրվեց չարչրկված այդ պայմանագիրը: Այլեւս կայացած համարելով Հայաստանի անդամակցությունն այդ միությանը՝ հիշարժան է, որ դրան միանալ-չմիանալու հետ կապված բազամթիվ հրապարակումներ ու բանավեճեր եղան, սակայն այդպես էլ բաց մնաց հարցը՝ ո՞րն էր այլընտրանքը: ԵՏՄ-ին իրավիճակի դրդմամբ դեմ չեղածների համոզմամբ՝ իրավիճակն ասոցացվում էր 1920թ. հետ, երբ Հայաստանը կառավարող դաշնակցական էլիտան ճիշտ չգնահատեց պահը եւ ստացավ Ալեքսանդրապոլի, դրա հիմամբ՝ Մոսկվայի եւ Կարսի նվաստացուցիչ պայմանագրերը: Այսօր իշխանության տարբեր ներկայացուցիչներն էլ, սկզբում կողմ լինելով եվրաասոցացմանը, Սերժ Սարգսյանի խոսքերից հետո հիշեցին, որ դեռ օրորոցային փափագ են ունեցել ԵՏՄ-ին միանալու շուրջ: Ցավոք սրտի, ԵՏՄ-ին միանալ չցանկացողներն այդպես էլ ի վիճակի չեղան թեկուզ 100 հոգանոց մի ակցիա իրականացնել: Իրականում սա բավականին տխուր պարագա է, քանզի նման պայմաններում խախտվում է արեւմուտքի եւ հյուսիսի տեղական միտվածության հավասարակշռությունը՝ իր աղետալի հնարավոր հետեւանքներով: Հենց միայն այն հանգամանքը, որ Ռուսաստանը վերջին շրջանում ակնհայտորեն արհամարհում է Հայաստանն ու նրա ղեկավարությանը, ներում այլոց ահռելի պարտքերը, Ղրղզստանին մեծ արտոնություններով միացնում ԵՏՄ-ին, իսկ Հայաստանին անգամ չի էլ հիշում որպես իր ռազմաբազան տեղակայող երկրի, ապացուցում է, որ մեր պետությունը դիմադրելու ոչ միայն ռեսուրս չունի, այլեւ նույնիսկ լուրջ չի ընկալվում «ոխերիմ» դաշնակցի կողմից:
Փաստենք, որ 2014թ. ՀՀ-ի համար եղավ լիովին անորոշ, իսկ արդեն ավարտին՝ ռեգրեսիվ տարի: 2014թ. իր ողջ տրամաբանությամբ պիտի լիներ հեղափոխության ու իշխանափոխության տարի՝ ելնելով իշխանության ապաշնորհ գործողություններից, արտաքին դրությունից եւ ժողովրդական ծայրահեղ դժգոհությունից: Այսուհանդերձ, հեղափոխությունը վիժեց, մինչդեռ ժողովրդական հիասթափությունը բազմապատկվեց՝ էլ ավելի ամրապնդելով արտագաղթողների մտադրությունը, գործազուրկների անմխիթար վիճակը եւ իշխանավորների հարստացումը:
Բայց ամեն դեպքում, լավատեսությամբ զինված, մտնում ենք 2015 թվական:
ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆ
2014-Ի ՀԱՋՈՂԱԿ ՀԱՅՏՆԻՆԵՐԻ ՄԱՂԹԱՆՔՆԵՐԸ
Եվս մի քանի օր, եւ 2014 թվականն այլեւս անցյալում կլինի, տարվա իրարանցումներն ու իրադարձությունները՝ եւս: Տարեմտյան այս տրամադրության ֆոնին տեղին կլինի մի հետադարձ հայացք նետել անցած օրերի վրա՝ վերհիշելով ու ամփոփելով ուշագրավ եւ անմոռանալի պահերը: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է 2014-ին ստեղծագործական եւ անձնական կյանքում հաջողություններ գրանցած մի քանի հայտնիների հետ:
Այս տարին ստեղծագործական առումով հաջողված էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Մարությանի՝ «Ջոն արքա» ներկայացման գլխավոր հերոսի համար: 2014-ին ներկայացումը մասնակցեց Բելառուսի Բրեստ քաղաքում կայացած միջազգային թատերական փառատոնին եւ արժանացավ հատուկ մրցանակի: Ա. Մարությանը, շնորհավորելով մեր հայրենակիցների Ամանորը, յուրահատուկ բարեմաղթանք է հղել նրանց. «Ցանկանում եմ, որ մեր «երկրի կուրսը» երբեք չտատանվի, այսինքն՝ դոլարի կուրսը-ծիծաղում է), մարդիկ էլ թող չխառնվեն իրար, երկիր է, ամեն ինչ էլ պատահում է, թող այնքան շատ փող կարողանան աշխատել, որ չհիշեն էլ՝ այս երկրի նախագահն ու նախարարներն ովքեր են»,-մաղթեց դերասանը:
Երգչուհի Անուշիկ Ալավերդյանն էլ վստահեցրեց, որ 2014-ն իր կյանքի լավագույն տարիներից մեկն է եղել, քանի որ այն անցել է բուռն ստեղծագործական մթնոլորտում, իսկ անձնական կյանքում էլ տեղի է ունեցել ամենակարեւորը՝ երգչուհին ամուսնացել է:
«Ինձ համար մի քիչ տարօրինակ է խանութներում ու սուպերմարկետներում տիրող այս աժիոտաժը, քանի որ ինքս թեթեւ եմ նայում այս տոնին, նույնը խորհուրդ կտամ իմ համաքաղաքացիներին»,-ասաց նա:
Անուշիկը մաղթում է, որ գալիք տարում երգարվեստի ոլորտում շատանան տեսակ ունեցող արվեստագետները, հետաքրքիր դեմքերը: Իսկ ինչ վերաբերում է անձնականին, ապա երգչուհին շատ է ցանկանում 2015-ին բալիկ ունենալ:
Ձիու տարին հաջողված էր նաեւ «Մանկական Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ, երգչուհի Բեթթիի`Էլիզաբեթ Դանիելյան) համար, ով միայն մրցույթին մասնակցելը համարում է իր ամենամեծ ձեռքբերումը կարիերայում:
Նա երազում է մասնակցել նաեւ մեծերի «Եվրատեսիլ»-ին եւ հաղթանակ բերել Հայաստանին:
Բեթթին շատ է ուզում քայլել երեւանյան փողոցներով եւ այստեղ էլ հանդիպել հեքիաթների տարատեսակ հերոսների, ձնեմարդերի, տեսնել տնակներ ու լույսեր, ինչպիսիք տեսել է Եվրոպայում:
ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
ՄՆԱՑ ՀԱՋՈՐԴ ՏԱՐԻ
Ռազմավարական նշանակություն ունեցող Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ շրջանցիկ ավտոճանապարհի շինարարության մրցույթը շահեց եւ այն կառուցում էր Իջեւանի ճանապարհների շինարարության եւ շահագործման ընկերությունը, որը խոստացել էր մինչեւ 2014թ. հունիսի վերջն այն գործարկել:
Հուլիսին Տավուշի մարզ այցելած վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ տեսնելով, որ ճանապարհի կառուցումը կիսատ է մնացել, հանձնարարել էր մինչեւ օգոստոսի վերջ այն ավարտին հասցրել: Դա չարվեց, սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցապատողը, գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին: Հովիկ Աբրահամյանը սեպտեմբերի 21-ին կայացած Կառավարության նիստում զայրացավ, երբ Վազաշեն-Պառավաքար շրջանցիկ ավտոճանապարհի կառուցման համար հարկ եղավ պետական բյուջեից լրացուցիչ 55 միլիոն դրամ հատկացնել:
Նշենք, որ մինչ այդ ճանապարհի շինարարության համար տրվել էր 535 միլիոն դրամ: Շրջանցիկ ճանապարհը համարվում է ռազմավարական, այն սահմանի այդ հատվածում երթեւեկի անվտանգության համար կարեւոր է, սակայն դրա գործարկումը հետաձգվել է մինչեւ 2015թ. գարուն: Որպես շինարարության ձգձգման պատճառ հիմա էլ նշվում է ձմեռային եղանակը:
Դեկտեմբերի 15-ին Վազաշեն-Պառավաքար հատվածում, հիմնական ճանապարհին քարեր էին շարել, որպեսզի ավտոմեքենաները երթեւեկեն կիսակառույց շրջանցիկ ճանապարհով: Սակայն այդ տարածքով երթեւեկողները հիմնական ճանապարհին շարված քարերը մասամբ հեռացրել են եւ երթեւեկում են այդ եւ ոչ թե կիսակառույց շրջանցիկ ճանապարհով: Շրջանցիկ ճանապարհին առկա, ադրբեջանական գնդակոծություններից երթեւեկի անվտանգությունն ապահովող պատի շինարարությունը կիսատ է, ուստի այն հազիվ թե ապահովի խճապատ, ոչ բարեկարգ ճանապարհով երթեւեկողների անվտանգությունը: «Խաչհար» ՍՊԸ-ն պարտավորվել էր մինչեւ հոկտեմբերի 30-ն ավարտել կարեւոր նշանակություն ունեցող ճանապարհի շինարարությունը:
Այդ ընկերությունն էլ խախտեց ճանապարհը գործարկելու ժամկետը: Սակայն դրա համար «Խաչհարի» հանդեպ առայժմ որեւէ պատժամիջոց չի կիրառվել: Նշենք, որ 2013 թվականի ընթացքում սահմանի այդ հատվածում ադրբեջանական կրակոցներից 3 զինվորական է զոհվել, եղել է 11 վիրավոր, որից 2-ը՝ քաղաքացիական անձ: Ռազմավարական ճանապարհի գործարկման ձգձգման, նախատեսված ժամկետների խախտման համար ո՞վ պետք է պատասխան տա: Հարցը, ցավոք, մեր ներկայիս կառավարման համակարգի պայմաններում զուտ հռետորական է:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ