Թագուհի Թովմասյան` «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր. Անցնող 2014 թվականին անորոշությունն ու խուճապը մերթընդմերթ ուղեկցում էին մեզ՝ մեկ աշխարհում տեղի ունեցող անցանկալի իրադարձությունների ֆոնին Հայաստանի ապագան պատկերացնելիս, մեկ հայ-ադրբեջանական սահմանին արձանագրված ագրեսիվ կրակահերթերի ժամանակ եւ մեկ էլ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու որոշման վավերացումից հետո սկսված տնտեսական քաոսում: Հուսամ՝ 2015 թվականին այդ հոգեվիճակը կլքի մեզ, եւ մենք՝ որպես երկիր, կլինենք ավելի կանխատեսելի ու հուսալի գործընկեր, կկարողանանք տեր կանգնել արյամբ նվաճած մեր հայրենիքի անկախությանը, Արցախին եւ գործուն քայլեր կձեռնարկենք նաեւ տնտեսապես անկախանալու համար: Ի վերջո, յուրաքանչյուրիս երազանքն է ապրել խաղաղ ու բարեկեցիկ երկրում, որտեղ արդարությունն ու ադեկվատությունն ամենաբարձր նշաձողի վրա են: Սիրելի՛ ընթերցողներ, ժպտացե՛ք միշտ: Բարությունն ու սերը երբ զուգորդվում են, հաղթանակն անխուսափելի է դառնում բոլոր իրավիճակներում: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Վահագն Հովակիմյան` «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող. Թող 2015 թվականը մեզ բոլորիս գոնե մեկ քայլ մոտեցնի բոլորի կողմից սիրված Հայրենիք ունենալուն, որպեսզի ոչ ոք Հայրենիքից չհուսալքվի եւ գաղթի ճամփան չբռնի: Թող 2015-ին Հայաստանը մեկ քայլ առաջ գնա իր քաղաքացիների համար հավասար հնարավորությունների երկիր լինելու ճանապարհին: Ունենալով հավասար հնարավորությունների Երկիր՝ բոլորս վստահ կլինենք, որ մեր եւ մեր երեխաների ապագայի համար միակ պատասխանատուն մենք ենք: Թող 2015 թվականը դառնա Աստվածահաճո ցանկությունների կատարման տարի: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Սոնա Գրիգորյան` «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող. Հայրենիքի խաղաղությունն իմ կյանքի գլխավոր բաղադրիչն է, որի վտանգը 2014 թվականի ամռանը մենք զգացինք: Ուզում եմ երբեք Հայաստանի ուղղությամբ կրակոցներ չհնչեն, պատերազմի ահազանգ երբեք չզգանք, իսկ հայ զինվորն էլ խրամատում հանգիստ լինի: 2014 թվականին Արցախում եմ եղել, Տավուշի մարզի զորամասում, սահմանին… զինվորի փայլող աչքեր եմ տեսել, ազատամարտիկների պայքարի խոսքն եմ լսել… ուզում եմ, որ 2015 թվականին այդ խոսքերի կարիքը չլինի: Քաղաքական դաշտում էլ թող համերաշխություն լինի. խաղաղություն պետք է նաեւ այստեղ: Իսկ «Ժողովուրդ» օրաթերթի ընթերցողին համբերություն եմ մաղթում: Մենք ճշմարտության համար պայքարի ոգով դեռեւս վերադառնալու ենք:
Նժդեհ Հովսեփյան` «Ժողովուրդ» օրաթերթի թղթակից. Խորը կսկիծով պիտի արձանագրենք, որ ճանապարհելով հերթական տարին՝ կրկին չենք կարողանում այն բնութագրել որեւէ դրական մոտիվ ունեցող արտահայտությամբ: 2014թ. լի էր հիասթափություններով` դրսեւրովելով ահագնացող արտագաղթով, փակվող բիզնեսներով եւ թշվառացող բնակչությամբ: Արդեն որերորդ տարին է, ինչ Հայաստանը զարնվում է տնտեսական խառնաշփոթին, պալատական խարդավանքներին ու արտաքին քաղաքական նվաստացումներին: Այսպիսով՝ հերթական անգամ ունեցանք կորսված տարի բոլոր բնագավառներում: Նման դրության պայմաններում բարեմաղթանքի փոխարեն կցանկանայի ժողովրդին կոչ անել վճռականության ու հաստատակամության` վստահեցնելով, որ պինդ կանգնելու, ամուր կեցվածք ընդունելու պարագայում 2015թ. կարող է դառնալ իղձերի իրականացման ու նորմալ պետության կառուցմանը լծվելու տարի:
Արթուր Քաբայան` armlur.am կայքի թողարկող խմբագիր. 2014 թվականը ինձ համար շատ լավ տարի էր, տարին ձեռքբերումներով լի էր: Ուզում եմ՝ 2015 թվականը բոլորի համար էլ ավելի առանձնահատուկ լինի դրական առումով: Խաղաղության, առողջության, հաջողության տարի լինի:
Արեւիկ Հակոբյան` «Ժողովուրդ» օրաթերթի Գյումրու թղթակից. Սիրելի՛ ընթերցող, մաղթում եմ՝ գալիք այծի տարին մեզ բոլորիս համար առանձնանա կանաչ, փայտե այծին բնորոշ խորհրդանիշներով` խաղաղությամբ, ներդաշնակ գոյությամբ եւ բարեկեցությամբ: Նոր տարում ցանկանում եմ, որ այն խնդիրները, որոնց անդրադառնում էինք մեր օրաթերթի միջոցով, լուծված լինեն: Մաղթում եմ, որ եկող տարի մեր հայացքները լինեն ավելի առաջադեմ: Թող ամեն մարդ գտնի երջանկության իր բանաձեւը, եւ տարին իր համար իսկապես հաջողված լինի: Եղեք առողջ, հոգատար, սիրված ու աչալուրջ եւ մեր գործի նկատմամբ առողջ քննադատ:
Քնար Մանուկյան` «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող. Արմեն Հովհաննիսյան, Ազատ Ասոյան, Արարատ Խանոյան, Ազատ Սահակյան, Սերգեյ Սահակյան, Սարգիս Նազարյան, փառք ձեզ, տղանե՛ր, դուք ինձ համար 2014 թվականի պայքարի, արիության, համարձակության, հաղթանակի խորհրդանիշները դարձաք: Շատ կցանկանամ, որ նրանք, ովքեր բանակի, զինվորի, հրամանատարի մասին կխոսեն, նախ գնան զորամաս, տեսնեն, թե ովքեր են խրամատ պահող տղաները, հայրենիքի իրական պաշտպանները, շփվեն ու հասկանան, որ լավ տղաները նրանք են: 2014թ. իմ ամենամեծ ձեռքբերումը եղավ հենց այդ այցը: Կրկնակի անգամ ինձ Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացի զգացի, քանի որ զինվոր եղբորս «Երազ իմ երկիր հայրենիք» երգելիս տեսա: Ուստի ցանկանում եմ տոնական մաղթանքս միայն ու միայն նվիրել հայրենիքիս պաշտպաններին, խաղաղություն եւ անփորձանք ծառայություն ձեզ, տղանե՛ր, հույս ու հավատ ձեր ծնողներին: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Նաիրա Հովհաննիսյան` armlur.am կայքի լրագրող. Սիրով շնորհավորում եմ բոլոր ընթերցողների գալիք Ամանորը: Թող 2015թ. բոլորին միայն ժպիտներ եւ սեր պարգեւի: 2014թ.-ն ինձ համար հաջողված տարի եմ համարում, ունեցել եմ մեծ ձեռքբերումներ եւ հույս ունեմ, որ հաջորդ տարում եւս դրական տեղաշարժեր կլինեն: Մաղթում եմ պայծառ, լուսավոր ու հիշարժան տարի մեզ բոլորիս: Թող 2015-ը միայն նվաճումների ու առաջխաղացման տարի լինի: Սահմանին թող խաղաղություն լինի, իսկ մեր զինվորներին էլ` անփորձանք ծառայություն: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Ռիտա Կարապետյան` armlur.am կայքի թարգմանչուհի. Աշխարհին, իմ երկրին եւ բոլոր հայերին ցանկանում են խաղաղություն, արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանք: Ես ուզում եմ ապրել մի երկրում, ուր որդիներին ծառայելու ուղարկելիս մայրերն ուրախանում են, հպարտանում ու բանակի քեֆ անում: Մի երկրում, ուր մայրերը տղա երեխա են ցանկանում ունենալ, որ երկրի բանակին զինվոր դառնա: Ուզում եմ, որ ոչ ոք ներսում եւ դրսում չհամարձակվի ասել կամ մտածել, որ այս երկրում այլեւս տղամարդ չկա: Խոսքս ոչ թե գենդերային պատկանելիության, այլ ոգու զորության, վեհության, ներողամտության, խիզախության մասին է: Ուզում եմ, որ մարդկանց հագուստներում, հոգում եւ մտքում իսպառ վերանան սեւը եւ մոխրագույնը: Ուզում եմ, որ նյութական արժեքներին եւ հարստությանը գերադասվի ինտելեկտի հարստությունը, մտքի փայլն ու հումորը:
Թամարա Մկրտչյան` «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող. Սիրելի՛ ընթերցող, հուսամ, որ մի քանի ամսվա իմ գործունեության ընթացքում կարողացա որոշ չափով օգտակար լինել Ձեզ: Ցանկանում եմ, որ 2015թ. Նոր Տարվա տոնածառի տակ ամեն մեկը գտնի իրեն հուզող հարցի պատասխանը, թող 2015թ. ձեր բոլոր խնդիրներն այնքան հեշտ եւ դյուրին լուծվեն, որ դուք այլեւս մեր միջամտության կարիքը չզգաք: Սիրելի՚ ընթերցող, մաղթում եմ քաջ առողջություն ձեզ եւ ձեր սիրելիներին` պայքարելու երջանկությա՛ն, խաղաղությա՛ն, սիրո՛, հաջողությա՛ն եւ բարեկեցությա՛ն համար: Թող տարվա սկիզբն ազդարարող ժամացույցի զարկերի հետ Աստծո օրհնությունը մտնի մեր բոլորի տներն ու սրտերը: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Ոսկան Սարգսյան` «Ժողովուրդ» օրաթերթի Տավուշի մարզի թղթակից. Հորեղբայրս ամեն տարեմուտի բաժակ բարձրացնելով` կատակով մաղթում է` կաղնու տարի լինի: Նա խոզեր չի պահում, որ անտառի կաղնով դրանց կերակրի: Ես` որպես սահմանամերձ տավուշցի, նոյեմբերյանցի, ոսկեվանցի, բարեմաղթում եմ` խաղաղություն լինի, մնացած հարցերն աշխատելով կլուծենք: Տա Աստված` դրա համար առողջությունն էլ հերիքի:
Լուսինե Հակոբյան` armlur.am կայքի լրագրող. Շնորհավորում եմ բոլորին 2015 թվականի գալստյան կապակցությամբ: Թող որ Նոր տարին խաղաղության, առողջության, հաջողությունների տարի լինի, եւ մարդիկ բազմաթիվ առիթներ ունենան՝ լիաթոք ուրախանալու համար: Բոլորի կիսատ գործերը թող դրական ելքով ավարտվեն, իսկ ովքեր նոր ծրագրեր են մտորել, թող որ անսպառ եռանդով ու ոգեւորությամբ համակվեն` դրանք կյանքի կոչելու համար: