ԱՄԱՆՈՐՅԱ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դավիթ Վանեսյան՝ armlur.am կայքի պատասխանատու. Նոր տարվա զգացողություն չկա, քանի որ Նոր տարին նախ պետք է մարդկանց հոգիներում սկսվի, իսկ առնել-կրելու մոլուցքը, լիքը սեղանները կամ փողոցների լուսավորությանն ավելացած տոնական գույները դեռ քիչ են՝ ասելու համար, թե տոնը մեզ հետ է: Շատ կուզեի՝ երբեւէ ստացվեր այնպես, որ տոնի խորհրդանիշը ոչ թե սեղանն ու դրա պարունակությունը դառնային, այլ տոնի զգացողությունն ավելի իրական լիներ:

 
Հերմինե Միքայելյան՝ «Ժողովուրդ» օրաթերթի Կապանի թղթակից. Թող որ 2015 թվականը կայուն տարի լինի բոլոր առումներով: Ձեր եւ ձեր հարազատներին մաղթում եմ հույսով ու հավատով լի ապագա: Եվ այն ծրագրերն ու գործերը, որոնք ինչ-ինչ պատճառներով չիրականացան, գալիք տարի կյանքի կոչվեն: Շրջապատի նկատմամբ եղեք առավել զիջող, բարյացակամ ու համբերատար, այլապես շարունակվելու դեպքում աշխարհը գլխիվայր շուռ կգա:

 

Տաթեւ Հարությունյան՝ armlur.am կայքի լրագրող. Սիրելի՛ ժողովուրդ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով աննկուն կամք, համբերություն, երազանքների իրականացում: Թող որ գալիք 2015 թվականն արդար պահանջների իրականացման, վճռական փոփոխությունների, մենաշնորհյալ քրեատնտեսական համակարգի անհետացման եւ դատաիրավական համակարգի ինքնուրույն ու արդար վճիռների տարի լինի: Եւ թող գալիք տարին ամփոփելիս՝ բարին ու դրականը գերակշիռ մաս կազմեն ձեր կյանքում: Անփորձանք տարի բոլորիս:

 
Աննա Բաբաջանյան՝ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող. «Ժողովուրդ» օրաթերթի սիրելի՛ ընթերցողներ, շնորհավորում եմ ձեր Ամանորը, մաղթում եմ, որ գալիք տարում մեր մանուկների առջեւ կրկին բացվեն կրկեսի դռները, պատանիներն էլ ավելի արժեւորեն մեր մեծերի գործերը, երիտասարդներն ամուր կանգնեն իրենց հայրենի հողին, իսկ տարեցներն էլ գոտեպնդվեն եւ ուշադրության կարիք չունենան:

 

Սյունէ Համբարձումյան՝ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրող. 2014 թվականը Հայաստանիս համար ճակատագրական էր. ԵՏՄ-ն, դոլար-դրամ ցնցումները, գնաճը, Ղարաբաղյան խառնաշփոթը, միեւնույն է՝ հիասթափություն առաջացնելով՝ չի հաղթում հայկական լավատեսությանը, ու մենք տարին փակում ենք մեծ հավատով ու հույսերով: Թող 2015 թվականին հացի, ձվի, ձեթի, դեղորայքի շուկաներում միայն ու միայն գնանկում արձանագրվի: Շնորհավոր Ամանոր:

 

Գոհար Գեւորգյան՝ «Ժողովուրդ» օրաթերթի սրբագրիչ. Երրորդ համաշխարհային պատերազմից հետո մարդիկ փայտերով ու քարերով են կռվելու (Էյնշտեյն): Կարեւորագույն ցանկությունս՝ վերջ արյունահեղության եւ դաժանության: Էլ ոչ մի զոհ: Եվ առողջություն: Առողջ եւ խախաղության մեջ ապրող մարդը կհաղթահարի ամեն դժվարություն, կսովորի նորովի ապրել ու նորից սիրել եւ կգտնի իր բաժին երջանկությունը: Շնորհավոր:

 

Աննա Թումասյան՝ armlur.am կայքի թողարկող խմբագիր. 2014-ը դժվար տարի էր ազգիս համար, բայց հույսն ու հավատը դժվար են լքում հային. դա բազմիցս է ապացուցվել: Մնում է միայն մաղթել բոլորիս, որ 2015-ին այնպես ապրենք մեր կյանքը, որ դրանում խմբագրելու բան գրեթե չլինի, իսկ ամեն ապրած օրվա խորագիրը կազմված լինի այնպիսի բառերից, ինչպիսիք են՝ «սեր», «բարություն», «խաղաղություն», «գոհունակություն», «հաղթանակ»… Աստված բոլորիս պահապան:

 
Տիգրան Սարգսյան՝ armlur.am կայքի օպերատոր. Ընտանեկան ջերմության, հաջողությունների, սիրո ու երազանքների իրականացման տարի եմ ցանկանում հայ ժողովրդին: 2015 թվականին բոլորի ընտանիքներում թող հաջողություններ լինեն, երեխաններին անհոգ մանկություն, իսկ մեր երկրին միայն խաղաղություն թող լինի:

 
Անուշ Խաչատրյան՝ «Ժողովուրդ» օրաթերթի էջադրող. Համայն աշխարհի մարդկությանը մաղթում եմ հույս, հավատ, սեր՝ փորձություններին դիմակայելու, դժվարությունները հաղթահարելու եւ պարզապես երջանիկ լինելու համար: Վայելե՛ք ձեզ տրված ամեն մի վայրկյանը ու մի՛ բարդացրեք կյանքը: Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:




Լրահոս