2014 թվականը Հայաստանի համար ոչ միայն նշանավորվեց պաշտոնակություններով, նշանակումներով և ներքաղաքական այլ իրադարձություններով, այլև բեկումնային՝ արտաքին քաղաքականության համար:
Նախ տարվա ընթացքում իրավիճակը մի քանի անգամ սրվեց հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին, որն էլ ստիպեց , որ հանդիպումներ անցկացնեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իրավիճակը հանդարտվեց միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպումից հետո:
Երեք ամսվա ընթացքում երկու թշնամի երկրի նախագահները երեք անգամ հանդիպեցին և դա ռեկորդային ցուցանիշ է: Վերջին հանդիպումը նախաձեռնել էր Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, սակայն հանդիպումից կարճ ժամանակ անց ադրբեջանական կողմը խոցեց հայկական ուղղաթիռը:Հայկական կողմին միայն տասն օր անց հաջողվեց դուրս բերել չեզոք գոտում ընկած ուղղաթիռի երեք օդաչուներից մեկի դին, մյուս երկուսի մասունքները: Այս միջադեպը 1994-ի հրադադարի մասին պայմանագրի կնքումից հետո թերևս ամենալուրջ միջադեպերից էր, և դատապարտող հայտարարություններ հնչեցին աշխարհի տարբեր մասերից:
Այս իրադարձությունները տեղի էին ունենում հենց այն ժամանակ, երբ Հայաստանը հաստատում էր Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու իր որոշումը: Հոկտեմբերի 10-ին Հայաստանը ստորագրեց Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմանագիրը: Դեկտեմբեր ամսվա ընթացքում այս որոշումը հաստատեցին բոլոր երեք երկրները:
Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ տարին հագեցած էր 2015-ի ապրիլի 24-ին կայանալիք միջոցառումների նախապատրաստումներով: