ԼՂՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը Ամանորյա ուղերձ է հղել: Շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ Ձեզ Նոր տարվա և Սուրբ Ծննդի առիթով:
2014 թվականը ԼՂՀ առողջապահական կյանքում կարևոր էր, միասին իրականացրեցինք լրջագույն ծրագրեր. կառուցվեցին նոր բուժհիմնարկներ, նորոգվեցին հիվանդանոցներ, դրանք նաև համալրվեցին նորագույն սարքավորումներով: Այս քայլերը, վստահ եմ, էապես են փոխելու արցախյան առողջապահության ոլորտի վիճակագրությունը: Միանգամից մի շարք խոշոր ծրագրերի ներդրումը արդեն իսկ ապացուցված առաջընթաց է: Թե՛ մայրաքաղաք Ստեփանակերտում, թե՛ սահմանից ընդամենը քայլերի հեռավորության վրա գտնվող գյուղում արցախցին պետք է վստահ լինի, որ կարող է ստանալ լիարժեք, որակյալ ու մատչելի բուժօգնություն:
Հաջորդ տարին ևս ձեռքբերումների տարի է լինելու: Անելիքները շատ են: Մեր գլխավոր կարգախոսը՝ «Արցախցին պետք է բուժվի Արցախում», քայլ առ քայլ դառնում է իրականություն նաև Ձեր վստահության շնորհիվ:
Մաղթում եմ բոլորիս, որ հայկական երկու հանրապետությունների սահմանները լինեն խաղաղ: Թող որ 2015 թվականը լինի միայն առողջության, երջանկության, հաջողությունների ու ձեռքբերումների տարի»: