Երեկ Մոսկվայի Մանեժնի հրապարակում գրանցված չարտոնագրված ցույցի ժամանակ ձերբակալվել է 255 մարդ: Նման տվյալներ է հրապարակել ՌԴ ՆԳ մամլո ծառայություններից:
Ավելի վաղ հաղորդվում էր ավելի քան 170 ձերբակալվածների մասին, նրանց թվում են եղել նաև Թուրքիայի ու Գերմանիայի քաղաքացիներ:
Ռուսական tvrain.ru կայքը հայտնում է, որ առաջինը ձերբակալվել են Պուտինին հայհոյած ցուցարարները: Ցուցարարները վանկարկել են «Չկա Պուտինը, չկա պատերազմ», «Պուտինը գող է», «Ռուսաստանն առանց Պուտինի», «Հերոսները բանտում են, իսկ ֆաշիստները` Կրեմլում»:
Հիշեցնենք` երեկ Մոսկվայի Զամոսկովորեցկի շրջանի դատարանը կայացրել էր Նավալնիներ եղբայրների գործով դատավճիռը։ Ֆինանսական մեքենայությունների մեջ մեղադրվող եղբայրները դատապարտվել են 3.5-ական տարվա ազատազրկման, սակայն եթե Ալեքսեյ Նավալնին դատապարտվել է 3,5 տարվա պայմանական ազատազրկման, նրա եղբայրը` Օլեգ Նավալնին` 3,5 տարի իրական ազատազրկման: Եղբայրների դատավճռի հրապարակումից հետո Մոսկվայի կենտրոնում ընդդիմության զանգվածային ցույց էր սկսվել: