
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը պատմել է լրագրողներին, որ մանուկ հասակում անկեղծորեն հավատացել է Ձմեռ պապի գոյությանը ու հիասթափվել է` իմանալով, որ հեքիաթային հրաշագործը պարզվում է իրենց համագյուղացին է, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
«Ես ի սրտե հավատացել եմ, որ Ձմեռ պապը գոյություն ունի, միշտ սպասել եմ նրան որպես հրաշքի ու շատ հուսախաբվել եմ, երբ իմացել եմ, որ Ձմեռ պապը մեր համագյուղացի Աբուն է»,- պատմել է Կադիրովը: Այս իրադարձությունը նա հիշում է ողջ կյանքի ընթացքում, սակայն չնայած ամեն ինչի, նա շարունակում է հավատալ բարի հրաշագործին:
Ռամզան Կադիրովի խոսքերով` Ամանորը հիասքանչ առիթ է ուրախություն պարգևելու ու հարազատներին նվերներ մատուցելու համար: Չեչնիայի ղեկավարը վստահություն է հայտնել, որ հաջորդ տարին հանրապետությանը հաջողություն կբերի: