ԳՆԱՃԸ ԴԱՄՈԿԼՅԱՆ ՍՐԻ ՊԵՍ ԿԱԽՎԱԾ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօրվա մեր շուկայում ապրանքատեսակների (շաքարավազ, հաց, բենզին…) թանկացման պատճառը, ՀՀ սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ, երկու պետական մարմինների` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ու ՀՀ պետեկամուտների կոմիտեի հապաղելու կամ թերի աշխատելու արդյունքն է: Սակայն ՏՄՊՊՀ-ն համոզված է, որ շատ ապրանքատեսակների գներ նվազել են մեր երկրում:
Նկատենք, որ շաքարավազի 1 կգ-ն մայիսին վաճառվել է 415 դրամով, իսկ հունիսին՝ 423-ով, նորզելանդական կարագը՝ 2435-ով, իսկ հունիսին՝ 2485-ով: Ներկրված խտացրած կաթի մեջ եւս կա 10 դրամի թանկացում՝ 490-ից դարձել է 500: Իսկ բրազիլական ազդրամիսը մայիսի վերջին վաճառվել է 855, հունիսին՝ 870 դրամով:  
“Վերջին հաշվով ՏՄՊՊՀ-ի եւ ՊԵԿ-ի նպատակն է բացահայտել ֆինանսական միջոցների շարժի օրինականությունը` ծախսերը, աշխատավարձերը, պետական հարկային պարտավորությունները”,-“Ժողովուրդ”-ի հետ զրույցում մանրամասնեց Ա. Պողոսյանը:
Ըստ նրա՝ ապրանքատեսակների գների թանկացման հետեւանքով մեծանում է շահույթը: “Փորձը ցույց է տալիս, որ ընտրություններից առաջ գների աճը կանգնում է, իսկ ընտրություններից հետո թանկացումների նոր ալիք է սկսվում: Դրան գումարած մեքենայությունները, որոնց դեպքում պետք է ոչ միայն վերը նշված պետական երկու կառույցներն աչալուրջ լինեն, այլ հասարակությունը: Այս գների աճը ոնց որ “դամոկլյան սուր” լինի: Միշտ կախված է մեզ վրա: Մինչեւ ռադիկալ քայլեր չկատարվեն, մենք առայժմ դատապարտված ենք”,-պարզաբանեց մեր զրուցակիցը: 
Իսկ ՀԱԿ անդամ եւ տնտեսագետ Մովսես Արիստակեսյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում բացատրեց. “Գնաճի համար մի քանի պատճառներ կան: Առաջին հերթին դրամն արժեզրկվում է, երկրորդ` հետընտրական պրոցեսն է պատճառը: Ընտրակաշառք տվողները պետք է իրենց տվածը հետ վերցնե՞ն, թե՞ չէ: Դրա համար էլ մենաշնորհատերերը թանկացնում են ներկրած ապրանքները: Միջազգային շուկաներում գների թանկացումն էլ է նպաստում, բայց կարեւոր գործոնն այն է, որ մեր շուկան մրցակցային չէ”:
Խնդրի առնչությամբ դիմեցինք ՏՄՊՊՀ, որտեղից հայտնեցին, որ մայիս ամսվա տարբերությամբ որոշ ապրանքատեսակների գներում եղել են փոփոխություններ, մասնավորապես բրնձի, ոսպի, հնդկաձավարի, ներկրված ձկան ու հավի մսի: “Ներկայում կան բավականին գնային իջեցումներ: Սա բացատրվում է նրանով, որ կան ապրանքատեսակներ, որոնց նոր խմբաքանակները ներկրվել են արդեն անհամեմատ ավելի ցածր գնով: Դրա համար գոյություն ունի նվազում”,-ներկայացրեց ՏՄՊՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պատասխանատու Գայանե Սահակյանը:  
Մեր զրուցակցին փոխանցեցինք, որ թանկացել են նաեւ կոսմետիկ միջոցները, օրինակ` զուգարանի թուղթը, սակայն նա ասաց. “Շուկաներ կան, որտեղ օրենքը մեզ հնարավորություն չի տալիս որեւէ գործառույթ իրականացնել: Օրինակ՝ մրգեղենի, բանջարեղենի եւ կոսմետիկ միջոցների: Այդ շուկաներում չունենք գերիշխող տնտեսվարող: Սա դաշտ է, որը կարգավորվում է ազատ շուկայական մրցակցության կանոններին համապատասխան, եւ հանձնաժողովը որեւէ իրավասություն չունի բան անելու: Նույնիսկ մոնիթորինգ չենք անցկացնում”: 
Եւ այսպես, ի՞նչ է ստացվում. ՀՀ սպառողների միության նախագահը, ընդդիմության ներկայացուցիչը եւ, վերջապես, շարքային քաղաքացին Հայաստանում նկատում են գնաճ, իսկ ՏՄՊՊՀ-ն՝ գնանկում: Սա նշանակում է, որ մեր երկրում պաշտոնյաներն ապրում են՝ իրականությունից կտրված:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս