Համաժողովը նպատակ ունի վեր հանելու այն խնդիրներն ու մարտահրավերները, որ առկա են 2010թ-ի հոկտեմբերի 22-ից մեր երկրում ուժի մեջ մտած “Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին” ՄԱԿ-ի կոնվենցիայի վավերացումից ի վեր, քննարկելու արդյոք մեր երկրում ձեռնարկվել են բավարար քայլեր հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հավասար հնարավորությունների ստեղծման` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու մատչելի միջավայրի ապահովմանն ուղղությամբ: Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային ցանցի եվրոպական տարածաշրջանային կազմակերպության նախագահ պարոն Ժան- Լյուկ Սիմոնը կներկայացնի հավասար հնարավորությունների ստեղծման եւ ներառման եվրոպական փորձը։ Կառավարական անդամների կողմից կներկայացվի հավասար հնարավորությունների ստեղծմանը եւ սոցիալական ներառմանն ուղղված քաղաքականությունը՝ առկա իրավիճակը եւ մարտահրավերները։
“Ամեն ինչ մեզ համար, մեզ հետ” ծրագրի թիմը կներկայացնի ծրագրի շրջանակներում արված հետեւյալ երեք վերլուծություն- հաշվետվությունները “Հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող ՀՀ օրենսդրական դաշտ”, “ՀՀ–ում հաշմանդամություն ունեցող անձանց իրավական վիճակը, մատչելիության եւ զբաղվածության ապահովումը”, “Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների ուսումնասիրություն Լոռու, Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Շիրակի մարզերում”։ Կլինեն նաեւ զեկույցներ ներկայումս ՀՀ-ում իրականացվող ծրագրերի մասին։