ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել: Ինչպես տեղեկացնում է ՀՀ պատպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ուղերձում մասնավորապես ասվում է.
Հարգելի գեներալներ, սպաներ, ենթասպաներ և զինվորներ, Հայոց բանակի քաղաքացիական հատուկ ծառայողներ և բանվոր-ծառայողներ:
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Տարեմուտի սահմանագիծը մեզ համար միշտ լավ առիթ է եղել անցած տասներկու ամիսների աշխատանքը ամփոփելու և նաև գնահատելու համար: Ես այժմ գոհունակությամբ եմ ուզում դա անել, քանի որ մեր բանակի 22-ամյա տարեգրությունը ոչ թե պարզապես հարստացավ ևս մեկ տարով, այլև բոլորիս համընդհանուր ջանքերով և քրտնաջան աշխատանքով նշանավորվեց մի շարք ակնառու հաջողություններով:
Նախ և առաջ նշենք, որ տարվա ընթացքում զինված ուժերը հաջողությամբ կատարելով իրենց գլխավոր խնդիրը, ապահովել են ՀՀ և ԼՂՀ անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը:
Բանակն, իրավամբ, ուժեղ է, երբ նրա շարքերում ծառայում են հայրենասեր, ֆիզիկապես և բարոյապես կոփված, մասնագիտական բարձր արհեստավարժությամբ, բարդ իրավիճակներում արագ և ճիշտ կողմնորոշվող երդվյալ սպաներ ու զինվորներ: Հիշելով տարվա կտրվածքով տեղի ունեցած բանակային կյանքի առանձին դրվագներ` կարող ենք կոնկրետ օրինակներ բերել, որոնք հավաստում են այս բոլոր որակական հատկանիշների առկայությունը մեր շատ ու շատ զինծառայողների մոտ:
1994 թվականին հաստատված հրադադարից ի վեր 2014 թվականը ամենաանհանգիստ տարին էր հայ-ադրբեջանական սահմանում: Հուլիս-օգոստոս ամիսներին հակառակորդի կողմից կատարվեցին բազմաթիվ դիվերսիոն գործողություններ, սադրանքներ ու ներթափանցման փորձեր: Նոյեմբերին ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ մարտավարական զորավարժությունների ժամանակ թշնամու կողմից Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի չեզոք գոտու օդային տարածքում ստորաբար խոցվեց ԼՂՀ ռազմական ուժերի ուսումնամարզական թռիչք կատարող ՄԻ-24 ուղղաթիռը:
Հուլիս-օգոստոսյան ոտնձգությունները ոչ միայն կասեցվեցին, այլև թշնամին լավ դաս ստացավ` իր վրա զգալով Հայոց բանակի ուժն ու զորությունը: Ուղղաթիռի հետ կապված դեպքը ոչ միայն ստվեր չձգեց մեր բանակի մարտունակության ու բարոյահոգեբանական վիճակի վրա, այլև չափազանց դժվար պայմաններում հակառակորդի հսկողության տակ գտնվող վայրից զոհված օդաչուների դիակների դուրս բերումը ցույց տվեց, որ հայ զինվորները կարողանում են գործել արագ, վճռական ու անվրեպ: Դա աշխարհի լավագույն բանակներին արժանի մարտական գործողություն էր:
Այս դեպքերը ցույց տվեցին, որ մեր մարտիկները զգոն են ու քաջ, ունեն մարտական բարձր ոգի, գերազանց պատրաստվածություն ու վստահություն սեփական ուժերի նկատմամբ: Ցավալի է, իհարկե, որ մարդկային կորուստներ ունեցանք: Հերոսությունն առանց անձնազոհության չի լինում:
Նոր տարվա և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորում եմ Հայրենիքի համար նահատակված մեր հերոս հայորդիների` հրադադարից հետո անցած բոլոր տարիներին, ինչպես նաև Արցախյան ազատամարտի ժամանակ թշնամու գնդակից զոհվածների հարազատներին: Սերունդների կողմից նրանք միշտ փառք ու պատվի են արժանանալու: Առանձնահատուկ շնորհավորանքներս եմ հայտնում առաջնագծում թշնամուն դեմառդեմ աներեր կանգնած մեր բոլոր քաջ զինվորներին:
Ամանորի կապակցությամբ ջերմորեն շնորհավորում եմ այն բոլոր զինծառայողներին, ովքեր տարվա ընթացքում պատվով քննություն են բռնել միջազգային շրջանակներում անցկացվող զորավարժություններում, խաղաղապահ առաքելություններում, մրցասպարեզներում: Որպես ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ամեն անգամ հպարտանում եմ, երբ նման միջոցառումների ժամանակ մեր զինծառայողներին օտարազգի գեներալների կողմից բարձր գնահատականներ են տրվում: Հիշենք մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանում օգոստոսին անցկացված «Տանկային բիաթլոն-2014»-ը: Միջազգային այդ մրցույթում ժամկետային զինծառայողներից բաղկացած մեր տանկային անձնակազմի հավաքական թիմը գրավեց 2-րդ տեղը` զիջելով միայն Ռուսաստանի ներկայացուցիչներին: Այո, ոգևորիչ են աշխարհի մասշտաբով անցկացված այդ մրցույթում մեր տանկիստների բարոյական և մասնագիտական բարձր ցուցանիշները:
Բանակի ղեկավարությունն անցնող տարում մշտապես ուշադրության կենտրոնում է պահել զորամասերում կատարվող աշխատանքները, մարտական պատրաստականության ծրագրի իրականացումը, անձնակազմի կենսապայմանները, բարոյահոգեբանական մթնոլորտը: Գոհունակությամբ եմ նշում, որ զինվորական կարգապահության ուղղությամբ տարվող աշխատանքները շոշափելի արդյունքներ են տալիս: ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ՀՀ զինված ուժերում 2014 թվականի գերակա խնդիրներից մեկն է համարվել փողոցային արատավոր բարքերի դեմ միասնական պայքարը: ՀՀ ԶՈւ հրամանատարության ներդրած ջանքերը զորամասերում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի ստեղծման, միջանձնային կանոնադրական և ընկերական հարաբերությունների հաստատման գործում հանգեցրել են նրան, որ տարվա ընթացքում, համեմատած նախորդ տարիների հետ, արձանագրվել են զինվորական կարգապահության ավելի բարձր ցուցանիշներ:
Շատ կարևոր է, որ բանակի վարկը օրեցօր բարձրանում է ժողովրդի աչքում: Բոլորս էլ նկատում ենք, որ տարեցտարի ավելի սերտ ու ամուր է դառնում բանակ-հասարակություն փոխադարձ կապը: Բանակը ոչ միայն ղեկավարության, այլ նաև ողջ ժողովրդի ուշադրության կենտրոնում է: Նրա դերը, կարևորությունն ու նշանակությունը լավ են ըմբռնում ու հասկանում մեր քաղաքացիները: Ժողովուրդը բանակի մասին չի դատում առանձին միջադեպերով, տեղ գտած մասնակի արատավոր երևույթներով: Մեր զինվորներն ու սպաները զգում են սեփական ժողովրդի սերը, ջերմությունն ու հոգածությունը:
ՀՀ զինված ուժերի ղեկավարությունը քաջ գիտակցում է, որ պաշտպանական համակարգը պետք է համահունչ լինի ժամանակակից պահանջներին, նոր չափանիշներին: Այն պահանջում է մշտական շարունակական գործընթաց: Ուժեղ բանակը ամենօրյա ջանքեր է պահանջում: Ահա թե ինչու մենք չպետք է բավարարվենք ձեռք բերածով, քանի որ մեր գործում կատարելությունը սահման չունի:
Այսօր մեզ բավարարում է մեր բանակի սպառազինությունը, տեխնիկական հագեցվածությունը: Պատերազմի ժամանակ, իհարկե, տեխնիկան իր վճռական դերը կատարում է, եթե առկա է գլխավոր գործոնը` այդ տեխնիկան կիրառող մարդը, ով պետք է ունենա բավարար գիտելիքներ, բարձր պատրաստվածություն, վարպետություն ու մարտական ոգի: Այստեղ նույնպես մեր առաջընթացն ակնհայտ է: Ինչպես նախորդ տարիներին, 2014 թվականին նույնպես մենք մեծ նշանակություն ենք տվել զինված ուժերում ուսումնական գործընթացների արդյունավետությանն ու կատարելագործմանը: Այսօր մեր հրամանատարները հիմնականում ռազմական կրթություն ունեցող սպաներ են, անձնակազմի հետ տարվող աշխատանքների շնորհիվ անհամեմատ բարձրացել է զինվորների մակարդակը:
Մենք պատերազմ չենք ուզում, բայց պարտավոր ենք սովորել պատերազմել, սանձել, ջախջախել թշնամուն: Պատերազմին պատրաստ լինելով է, որ ապահովվում է խաղաղությունը: 1994թ. հրադադարից հետո արդեն 21 տարի է, ինչ Նոր տարին նշում ենք խաղաղ պայմաններում:
Որպես Ամանորյա շատ կարևոր մաղթանք` զինված ուժերի անձնակազմին, ողջ հայ ժողովրդին ցանկանում եմ մշտական հարատև խաղաղություն: Թող խաղաղությունը թևածի հայկական հողի վրա, թող մեր հայրենիքը` Հայոց զորական ուժով, միշտ անպարտելի ու անմատչելի լինի մեր թշնամիների համար:
Մեկ անգամ ևս Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ շնորհավորելով ՀՀ ԶՈՒ ողջ անձնակազմին, բոլորին ցանկանում եմ ծառայողական նոր հաջողություններ և անձնական երջանկություն: