2015 թ. հունվարի 1-ից ՌԴ-ում փոխվել է օտարերկրացիների աշխատանքի ընդունման կարգը: Օտարերկրացիների համար սահմանված քվոտավորման կարգն այլևս չի տարածվի մուտքի արտոնագրերից ազատ երկրների միգրանտների վրա :
Նոր կանոնների համաձայն, այն օտարերկրացիները, ովքեր օգտվում են առանց վիզայի մուտքի իրավունքից, Ռուսաստանում կարող են աշխատել առանց մտահոգվելու, որ քվոտայի գերազանցման պատճառով աշխատանքի թույլտվության մերժում կստանան: Նրանք պետք է մեկ ամսվա ընթացքում պարզապես աշխատանքի արտոնագիր ձևակերպեն:
Փոփոխությունները վերաբերում են ԱՊՀ երկրների աշխատանքային միգրանտներին`բացառությամբ Բելառուսի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի: Նոր կանոններից կարող են օգտվել Աբխազիայի եւ Հարավային Օսիայի բնակիչները: Նվազագույն գումարը, որ օտարերկրացին պետք է մեկ ամսվա ընթացքում վճարի Մոսկվայում աշխատելու իրավունքի ձեռք բերման համար, կազմում է մոտ 12.000 ռուբլի: