Այսօր խորհրդային և ռուս դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վյաչեսլավ Տիխոնովի մահվան օրն է:
Վյաչեսլավ Տիխոնովը ծնվել է 1928 թվականի փետրվարի 8-ին, Պավլովո ավանում (այժմ Մոսկվայի մարզում)։ Հայրը` Վասիլի Ռոմանովիչը, մեխանիկ էր կարի ֆաբրիկայում, մայրը` Վալենտինա Վյաչեսլավովնան, մանկապարտեզի դաստիարակ էր։ Ընտանիքն ապրում էր փայտե մեծ երկհարկանի տանը` տատիկի և պապիկի հետ։ Դպրոցում Վյաչեսլավի սիրած առարկաներն էին մաթեմատիկան, ֆիզիկան և պատմությունը։
1941 թվականին, Հայրենական Մեծ պատերազմի հենց սկզբից, այն դպրոցում, որտեղ սովորում էր Վյաչեսլավը, տեղակայվեց զինվորական հոսպիտալը։ Տասներեքամյա տղան ուսումը շարունակեց արհեստագործական ուսումնարանում` յուրացնելով խառատի մասնագիտությունը։ Հետո իր մասնագիտությամբ սկսեց աշխատել գործարանում։ Երեկոներն ընկերների հետ անց էր կացնում «Вулкан» կինոթատրոնում` հերոսական ֆիլմեր դիտելով։ Սիրած հերոսներն էին Չապաևը, Ալեքսանդր Նևսկին, սիրած դերասանները` Միխայիլ Ժարովը և Պյոտր Ալեյնիկովը։
Տիխոնովը ծնողներից գաղտնի երազում էր կինոդերասանի կարիերայի մասին, իսկ ծնողները նրա մեջ տեսնում էին ապագա ինժեների կամ ագրոնոմի։ 1944 թվականին Տիխոնովն ընդունվեց Ավտոմեխանիկական ինստիտուտի նախապատրաստական կուրս։ 1945 թվականին նա փորձեց ընդունվել Կինեմատոգրաֆիայի համալսարան (ВГИК)։ Սկզբում նրան չընդունեցին, սակայն մինչև ընդունելության քննությունների ավարտը համալսարանի պրոֆեսոր Բորիս Բիբիկովը նրան իր դասարանն ընդունեց։ Բուհում ուսումնառության տարիներին տեղի ունեցավ Տիխոնովի դերասանական դեբյուտը Սերգեյ Գերասիմովի «Երիտասարդ գվարդիա» ֆիլմում, որտեղ նա խաղաց Վոլոդյա Օսմուխինի դերը։ Պրեմիերան տեղի ունեցավ 1948 թվականի աշնանը։
Ուսման տարիներին Տիխոնովն ամուսնացավ Նոննա Մորդյուկովայի հետ։ 1950 թվականին գերազանցությամբ ավարտեց համալսարանը, Բ. Վ. Բիբիկովի և Օ. Ի. Պիժովայի դասարանները և աշխատանքի ընդունվեց կինոդերասանի թատրոն-ստուդիայում։