ՓԱ՞Կ, ԹԵ՞ ԲԱՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր տեղի կունենա Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքը, որի ընթացքում, ըստ կազմակերպիչների, ամփոփվելու է խորհրդարանական ընտրությունների փուլը ու ներկայացվելու են առաջիկա անելիքները: Կոնգրեսի նախորդ` մայիսի 8-ի հանրահավաքից  հետո բավականին ջրեր են հոսել թե՛ ՀԱԿ-ի ներսում, թե՛ նաեւ ողջ ընդդիմադիր դաշտում: Մասնավորապես, ՀԱԿ-ից հեռացել կամ էլ իրենց  մասնակցությունը դե ֆակտո սառեցրել են մի քանի քաղաքական ուժեր, որոնց ազդեցությունը չգերագնահատելով հանդերձ, դժվար է նաեւ թերագնահատել: Եվ  որքան էլ ՀԱԿ-ի ներկայիս ղեկավարությունը պնդի, թե իրենց շարքերը ոչ թե նոսրացել են, այլ զտվել, ակնհայտ է, որ այդ վերադասավորումների արդյունքում Կոնգրեսը, իբրեւ այդպիսին, թուլացավ: Իսկ հեռացածների մեծ մասի դժգոհության պատճառը մանդատները վերցնելու եւ «հանցավոր ռեժիմի» հետ համատեղ օրենսդիր մարմնում աշխատելու ՀԱԿ-ի որոշումն էր: Թե որքանով էր այն ճիշտ, թերեւս վերջնականապես պարզ կդառնա 2013թ. նախագահական ընտրություններից հետո, սակայն մի բան արդեն իսկ ակնհայտ է. ԱԺ նախորդ նիստերը եւ հատկապես  կառավարության ծրագրի քննարկումը ցույց տվեցին, որ խորհրդարանական ամբիոնից փաստարկված ելույթներ հնչեցնելով՝ ՀԱԿ-ը կարող է շատ ավելի լուրջ  ազդեցություն ունենալ «հանցավոր ռեժիմի» դեմ պայքարում, քան հանրահավաքային հարթակներում հնչեցվող արմատական հռետորաբանությամբ: Այլ հարց է, որ այդպիսով Կոնգրեսը կարող է կորցնել արմատական ընդդիմության մենատիրոջ կարգավիճակը` տեղը զիջելով  առավել արմատական դիրքերից հանդես եկող որեւէ այլ ուժի: Հավանաբար, հենց այդ մտավախությամբ էլ պայմանավորված է Կոնգրեսի կողմից  խորհրդարանական եւ հարթակային ամբիոնները համատեղելու ցանկությունը, որը, սակայն, բավականին դժվար է իրագործել: Խնդիրն այն է, որ մեզանում ավանդաբար հանրահավաքներին գնում են լսելու իշխանության հասցեին հնչող հայհոյանքներ ու սուր քննադատություն: Իսկ Կոնգրեսն իր քննադատության պաշարն այսուհետ օգտագործելու է ԱԺ նիստերի ընթացքում: Հետեւաբար, հանրահավաքներում հնչեցվող տեսակետները լինելու են արդեն ԱԺ ամբիոնից ասվածի կրկնություն, եւ կամաց-կամաց հանրության արդեն իսկ մարող հետաքրքրությունը  վերջնականապես կհանգչի:  Եթե, իհարկե, ՀԱԿ-ը որոշակի պահի չորոշի բոյկոտել ԱԺ աշխատանքն ու անցնել բացառապես հանրահավաքային պայքարի: Սակայն  դա կախված է նրանից, թե իրականում ինչ խնդիր է իր առջեւ դրել Կոնգրեսը. արդյոք Տեր-Պետրոսյանը պատրաստ է գալիք նախագահական ընտրություններում գնալ մինչեւ վերջ` օգտագործելով նախագահի աթոռին վերադառնալու իր վերջին շանսը (զուտ տարիքային առումով), թե նա արդեն իսկ իր մտքում հրաժարվել է այդ նպատակից եւ հիմա պարզապես իր առջեւ խնդիր է դրել պատրաստել ՀԱԿ-ը առավել երկարաժամկետ պայքարի համար, որի վերջնանպատակը կլինի իր «քաղաքական ժառանգորդին» նախագահ դարձնելը: Այսօրվա հանրահավաքի  ելույթները, մասնակիցների քանակն ու միջմարզային երթուղիների աշխատանքը, թերեւս, որոշ միտումներ կբացահայտեն:




Լրահոս