ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԶԵԿՈՒՅՑԻ ՎՐԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ նստաշրջանում երեկ անդրադարձ է եղել մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած ԱԺ ընտրություններին: Ընդ որում անդրադարձը բավական ուշագրավ ենթատեքստեր է պարունակում. ԵԽԽՎ բյուրոյի անդամ Ջաո Բոսկո Մոտա Ամարալը, որը ներկայացրել էր զեկույցը, որոշակի խիստ գնահատականներ է տվել:
Փոխարենը ֆրանսիացի պատգամավոր Պոզզո դը Բորգոն հայտարարել է, թե ԵԽԽՎ-ի զեկույցն իր խստությամբ ոչ այնքան օբյեկտիվ է եւ հավասարակշռված, որքան կրում է Հայաստանի նկատմամբ ամերիկյան քաղաքականության ազդեցությունը: «Ես կասկածի տակ կառնեի զեկույցի խստության օբյեկտիվությունը, եւ ինձ համար՝ որպես ֆրանսիական պատվիրակության ներկայացուցիչ,  շատ է երեւում ամերիկյան ազդեցությունն այդ զեկույցի վրա»,-ասել է նա՝ հավելելով, որ Հայաստանում ոչ փոքր առաջընթաց կա: Հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչներից ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, սակայն, հակադարձել է, որ հայաստանյան ընտրությունների ժամանակ չհաջողվեց ձերբազատվել ՀՀ-ի համար խրոնիկական դարձած ընտրակեղծիքներից: Ռուստամյանը ԵԽԽՎ-ում հայտարարել է, թե մինչեւ ընտրություններն իշխանությունները մերժել են ընտրողների ստորագրությամբ ցուցակները հրապարակելու մասին ընդդիմության առաջարկը: Ռուստամյանի խոսքերով՝ արդյունքում ահռելի տարբերություն է եղել ընտրացուցակներում ընդգրկվածների եւ իրականում ընտրություններին մասնակցածների թվի միջեւ: Բացի այդ, մայիսի 6-ին եղել են ձայները գնելու դեպքեր եւ այլն: ՀՅԴ ներկայացուցիչը նաեւ նշել է, որ Հայաստանում փետրվարին կայանալու են նախագահական ընտրություններ, իսկ եթե նկատի ունենանք անցած խորհրդարանական ընտրությունները, ապա պետք է ասել, որ Հայաստանում իրական ընտրությունների մասին խոսք լինել չի էլ կարող: Ըստ Ռուստամյանի՝ ավելի լավ ընտրություններ անցկացնելու համար հարկավոր է՝ վերականգնվի ընտրողների վստահությունն ընտրությունների նկատմամբ:
ԵԽԽՎ ֆրանսիացի նախագահ Ժան Կլոդ Մինյոնը եւս անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին: Նա նշել է, թե Հայաստանում իրավիճակն անհանգստացնող է. «Ես չեմ կարող ասել, որ իրավիճակը բավարարող է, փաստ է, որ իրավիճակը Հայաստանում  դեռ  անհանգստություն է պատճառում»:
ԵԽԽՎ-ում խոսք է եղել նաեւ ԼՂ խնդրի վերաբերյալ: Մինյոնը հայտարարել է, թե, իր կարծիքով, ԼՂ հարցով  ԵԽԽՎ ենթակոմիտեն չպետք է վերակենդանանա: Ըստ նրա՝ ԼՂՀ հարցով զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, որին եւ պետք է աջակցել այս հարցում։ Այնուամենայնիվ, ըստ Մինյոնի՝ վերջնական որոշում պետք է կայացնի Բյուրոն։

Ա. ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս