Խորհրդարանում Հայ ազգային կոնգրեսի պատգամավորների համար պայքարի նոր դաշտ է բացվում: Եթե ՀԱԿ-ը համաձայնի ռոտացիոն կարգով ստանձնել ԱԺ էթիկայի հանձնաժողովի նախագահի պաշտոնը, ու եթե այդ հանձնաժողովը գործի լիարժեքորեն, ապա իշխանությանն առաջիկայում բավական ծանր օրեր են սպասվում:
Մինչ այդ, սակայն, ԱԺ-ն չի շտապում այդ հանձնաժողովը ձեւավորելու հարցում: ԱԺ կանոնակարգ օրենքի 24.1 հոդվածի համաձայն՝ էթիկայի հանձնաժողովը կազմավորվում է ԱԺ առաջին նստաշրջանում: Իսկ արդեն յուրաքանչյուր հերթական նստաշրջանի առաջին քառօրյա նիստերում այն վերակազմավորվում է: Սակայն մայիսի 31-ին ԱԺ պատգամավորներն այնքան տարված են եղել ԱԺ նախագահի, փոխնախագահների ու մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններով, որ մոռացել են ԱԺ կանոնակարգի այս պահանջը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ-քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանն ասաց, որ ԱԺ 6 խմբակցություններից առայժմ 4-ն են իրենց թեկնածուներին առաջադրել, եւ հիմա իրենք սպասում են «Հայ ազգային կոնգրես» դաշինքի եւ ՕԵԿ-ի թեկնածուներին: Թե կոնկրետ ում են առաջադրել խմբակցությունները, պարոն Սողոմոնյանը չասաց՝ խորհուրդ տալով սպասել: «Ժողովուրդ»-ին, սակայն, հաջողվեց պարզել, որ ՀՀԿ-ն առաջադրել է Դավիթ Հարությունյանին, ՀՅԴ-ն՝ Արծվիկ Մինասյանին, «Ժառանգություն»-ը՝ Ռուբիկ Հակոբյանին: Թե ԲՀԿ-ից որ պատգամավորն է լինելու այդ հանձնաժողովում, ճշտել չհաջողվեց: ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն ասաց, որ ինքը չգիտի, քանի որ դեռ քննարկում են: Ինչ վերաբերում է Կոնգրեսին, ապա ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքերով՝ որոշվել է այնտեղ առաջադրել Նիկոլ Փաշինյանին: Եւ առաջիկա օրերին ՀԱԿ-ը պաշտոնական գրությամբ կներկայացնի իր թեկնածուին:
Նկատենք, որ այս առաջադրումը լուրջ խնդիրներ կարող է ստեղծել իշխանությունների համար: Բանն այն է, որ էթիկայի հանձնաժողովի նախագահի ու փոխնախագահի պաշտոնը ռոտացիոն կարգով է. այն զբաղեցնելու իրավունք ունեն ամենամեծ ընդդիմադիր եւ ոչ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները: Քանի որ ՀՀԿ-ից առաջադրվել է Դավիթ Հարությունյանը, ակնհայտ է, որ որպես ոչ ընդդիմադիր՝ մեկ նստաշրջան՝ չորս ամիս, նա կղեկավարի հանձնաժողովը: Այնուհետեւ հանձնաժողովի նախագահի պաշտոնն անցնում է ընդդիմությանը: Ու քանի որ ԲՀԿ-ն չի հայտարարել ընդդիմադիր լինելու մասին, ապա ինքնըստինքյան որպես ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունն ԱԺ-ում ՀԱԿ-ն է, ուստի այդ հանձնաժողովը կարող է ղեկավարել Նիկոլ Փաշինյանը եւս: Մնում է միայն՝ ՀԱԿ-ը համաձայնի վերցնել այս պաշտոնն ու իրականացնի իր լիազորությունները:
Խոստովանենք՝ այս դեպքում բավական ուշագրավ բացահայտումներ են սպասվում: Բանն այն է, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 24.2 հոդվածի համաձայն՝ այս հանձնաժողովն ԱԺ-ին եզրակացություն է ներկայացնում պատգամավորների կողմից ՀՀ Սահմանադրության 65-րդ հոդվածի առաջին մասի պայմանները խախտելու վերաբերյալ: Սա այն հոդվածն է, որն արգելում է ԱԺ պատգամավորներին զբաղվել ձեռնարկատիրությամբ: Ու քանի որ այս խորհրդարանում պատգամավորների մեջ բավական շատ են այս հոդվածն անուղղակիորեն ոտնահարած անձինք, կարելի է ենթադրել, որ էթիկայի հանձնաժողովին քրտնաջան աշխատանք է սպասվում: Առավել եւս, երբ այս հանձնաժողովին լիազորություն է տրված քննարկվող հարցի շրջանակներում ցանկացած պետական մարմնից ու տեղական ինքնակառավարման մարմիններից պահանջել ու ստանալ անհրաժեշտ փաստաթղթեր: Նաեւ պահանջել, որ այդ մարմինները համապատասխան ստուգումներ, ուսումնասիրություններ, փորձագիտական եզրակացություններ անեն ու արդյունքները ներկայացնեն իրենց:
ԱԺ կանոնակարգի նույն հոդվածի համաձայն՝ էթիկայի հանձնաժողովը որոշում է կայացնում նաեւ պատգամավորների կողմից էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ, մասնավորապես՝ ուրիշի փոխարեն քվեարկելու, ԱԺ գործունեությունը խանգարելու, հայհոյելու, քաղաքական ընդդիմախոսների, ԱԺ հարցերի քննարկման մասնակիցների հանդեպ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքում: Նշենք, որ սրանք այն բացասական երեւույթներն են, որոնց ԱԺ-ում ականատես ենք լինում պարբերաբար:
Ճիշտ է, այդ հանձնաժողովի որոշումներն իրավական հետեւանքներ չեն ունենա, այլ պատիժը կլինի հրապարակային կերպով նրանց պարսավելը: Օրենքում նաեւ կան որոշակի սողանքներ՝ հարցի քննարկումից խուսափելու համար: Բայց էթիկայի հանձնաժողովի լիարժեք գործունեության դեպքում իշխող մեծամասնությունը կարող է անհանգստանալու լուրջ առիթներ ունենալ:
ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԴԱԺԱՆ ՃԱԿԱՏԱԳԻՐ Է ՍՊԱՍՎՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ