ԲԱ ԼԵՎՈ՞ՆԸ
Անդրադառնալով 2013թ. փետրվարին կայանալիք նախագահական ընտրություններին՝ «Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը երեկ կարծիք է հայտնել, որ կառաջադրվեն Պարույր Հայրիկյանը, Արամ Կարապետյանը, ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանը, իսկ ՀԱԿ-ից՝ Հրանտ Բագրատյանը:
ԿԹՔԵՆ ԵՐԵՍԻՆ
ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, «Հայնյուզ»-ի հետ հայրենի օրենսդիրին բնորոշ ոճով խոսել է իր երբեմնի բարեկամ Սերգեյ Մանուկյանի՝ Շինանյութի Սերգեյի մասին՝ անդրադառնալով միմյանց ոչնչացնելու «արդիական թեմային». «Ինքը իմ սարքած տղեն ա, կարո՞ղ ա ինձ շարքից դուրս հանել, ուրեմն մալադեց, իրեն գովում եմ, բայց կարծում եմ, որ այդքան խելք չունի: Բայց ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը կարող է Շինանյութի Սերգեյից վախենալ: Ինքը պարզապես իր որակը ցույց տվեց, որ կրկին անորակ մարդ է»: Հարցին, թե ինչն է պատճառ դարձել, որ քավորի եւ սանիկի միջեւ տարաձայնություններ են առաջացել, ասել է. «Ախր չեմ ուզում շատ բաներ ասել, կարող ա ամբողջ աշխարհը թքի իրա երեսին: Ես ռեկետ անել չեմ սիրում բանվորին, խեղճ մարդուն: Չեմ ուզում էլ խոսել, կարող եմ ասել, որ այդ մարդն աննորմալ մարդ է: Որպես տղա՝ ինձ թույլ չեմ տալիս շատ բաներ ասել, եթե ասեմ, շատերը, մեղմ ասած, կհիասթափվեն իրենից»:
ՉԻ ՄԵՂԱԴՐՈՒՄ
«Հողը երբ սեփականաշնորհեցին, անմիջապես ինչքան գյուղատնտեսական տեխնիկա կար, որպես երկաթ, լոմ վաճառվեց: Կոլխոզների հոտերը միանգամից, մի ձմեռվա մեջ լրիվ գլխատվեցին: 7000 հիմնարկ ձեռնարկություններ ունեինք, որ վաուչերի վերածվեցին ու միանգամից փակվեցին: Այստեղ կարելի էր, համենայնդեպս, ոչ թե հեղափոխական ճանապարհով գնալ, այլ կարելի էր լավ տնտեսվարողներ լինել: Բայց որովհետեւ իրենց մեջ էլ փորձառուներ չկային, ոչ թե չեն ուզեցել, այլ իրականությունն այն է, որ ունեինք 7000 հիմնարկ-ձեռնարկություններ, մինչեւ 94 թիվը ոչ մի հատ չունեցանք: Ես արձանագրում եմ իրողությունը: Իհարկե, այդտեղ կարելի է մեղադրել վատ ղեկավարելու մեջ, բայց որ մարդիկ կարգազանցներ կամ ապազգային ուժեր են եղել` դրանում չեմ մեղադրում»,-գնահատելով ՀՀՇ-ի իշխանության տարիները` «Առավոտ»-ին ասել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
ՆՈՐ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ
ԱՄՆ-ը Պարսից ծոցի շրջան է ուղարկել 4 ականազերծող նավ, որոնք համատեղ գործողություններ են անցկացնելու դաշնակիցների հետ՝ միջազգային ջրային ուղիներում ծովային փոխադրումների անվտանգությունն ապահովելու նպատակով: Ի պատասխան՝ Թեհրանը Հորմուզի նեղուցը փակելու հերթական զգուշացումն է արել, եթե իրեն վտանգ սպառնա: Նշենք, որ օրական Հորմուզով է անցնում աշխարհում նավթի արտահանումների 20 տոկոսը: