ՄԱՐԿՆ ՈՒ ԳՐԻԳՈՐԸ ԽՄԱԾ ՉԵՆ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 22-ին՝ ժամը  01:30-ի սահմաններում, ավտովթար էր տեղի ունեցել Երեւանի Նալբանդյան փողոցում` մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի դիմաց: Իրար էին բախվել «Ֆոլկսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 եւ «Օպել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշների ավտոմեքենաները: Վթարից հետո «Ֆոլկսվագեն»-ը բախվել էր նաեւ էլեկտրասյանը: «Ֆոլկսվագեն»-ի  ղեկին էր եղել Թաթա Սիմոնյանի պրոդյուսեր, 41-ամյա Գրիգոր Նազարյանը, իսկ նրա կողքին`  հաղորդավար, շոումեն  Մարկ Սաղաթելյանը: Վերջիններս մինչեւ հիմա գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, բայց նրանց վիճակն արդեն կայունանում է:
«Թաթա Պրոդաքշն» ընկերության նախագահ, Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի տեղակալ Գրիգոր Նազարյանին եւ հաղորդավար Մարկ Սաղաթելյանին գլխի եւ մարմնի տարբեր կոտրվածքներով տեղափոխել էին Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվել էր համապատասխան բժշկական օգնություն:
Հիվանդանոցի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը «Ժողովուրդ»-ին ասաց, որ Մարկի ու Գրիգորի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանք լուրջ վնասվածքներ են ստացել: Մասնավորապես Մարկ Սաղաթելյանի մոտ առկա են գլխուղեղի ցնցում, ճակատային հատվածի փափուկ հյուսվածքների սալջարդեր, պարանոցային եւ կոնքային միջանցիկ ելունների կոտրվածքներ, աջ ազդրի գլխիկի հոդախախտ եւ կոտրվածք: Գրեթե նույնպիսի կոտրվածքներ ու վնասվածքներ ունի նաեւ Գրիգոր Նազարյանը, այն տարբերությամբ, որ վերջինիս մոտ երկու ազդրերի գլխիկի հոդախախտ կոտրվածքներ են: Այս կապակցությամբ տեղադրվել են արտաքին ֆիկցիայի սարքեր:
Երեկ «Ժողովուրդ»-ը եղավ նաեւ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի հիվանդանոցում, որտեղ տեղեկացանք, որ Մարկ Սաղաթելյանն ու Գրիգոր Նազարյանը դեռեւս գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Մեզ չհաջողվեց զրուցել նրանցից ոչ մեկի հետ, քանի որ բժիշկները չթույլատրեցին նրանց մոտ մտնել` նշելով, թե հիվանդներին առայժմ հանգիստ է հարկավոր:
Զրուցեցինք Մարկ Սաղաթելյանի կնոջ` Նունե Միքայելյանի հետ, որը, հիվանդանոցի միջանցքում նստած, սպասում էր «խաբարի»: Նունեն նշեց, որ Մարկի եւ Գրիգորի վիճակն արդեն լավ է, պարզապես նրանց չեն տեղափոխում հիվանդասենյակ` խուսափելու համար բազմաթիվ այցելություններից. «Ուղղակի որ չշփվեն կողմնակի անձանց հետ, դրսից մարդկանց մուտք չլինի, իրենց այս պահին հանգիստ է պետք: Իրենց վիճակը հիմա շատ լավ է, զուտ դրա համար են նրանց ռեանիմացիայում պահում, ամեն ինչ նորմալ է, խոսել եմ հետը, հաց կերել է»:
Մեր զրուցակիցը նշեց, որ երկուսն էլ հստակ հիշում են, թե իրականում դեպքն ինչպես է տեղի ունեցել. «Ամեն ինչը… ուղղակի պատահականություն է եղել, դրա մասին մենք հետո կխոսենք, դեռ չենք պարզաբանել՝ ինչպես է իրականում դեպքը տեղի ունեցել, մենակ խոսել ենք հետները, ու ասել են, որ ամեն ինչն էլ հիշում են: Նրանց հետ այս պահին շատ դժվար է դրա մասին խոսել, հետո գուցե իրենք երկուսով միասին կլինեն, կհասկանան, թե իրականում ինչ է կատարվել»:
Իսկ շրջանառվող տեղեկությունները, թե վթարի օրը Գրիգորն ու Մարկը խմած են եղել, Մարկի կինը կտրականապես հերքեց. «Նման բան չի եղել, քանի որ նրանք աշխատանքային հանդիպման են եղել, իրենց հետ եղել է երրորդ մարդ, իրենք սթափ են եղել, ու հնարավոր չէր այդ ժամին մտնել, խմել ու նստել ղեկին: Գրիգորն արդեն քանի տարի է՝ ընդհանրապես չի խմում, Մարկն էլ չի խմում, ալկոհոլ ընդհանրապես չի օգտագործում»:
Մարկի տիկինը նշեց նաեւ, որ իրենք Մոսկվայից էին եկել Երեւան ընդամենը 3 օրով. «Հետո մենք այստեղից պետք է գնայինք Իսրայել, միջոցառումների պետք է մասնակցեինք, բայց այս դեպքը տեղի ունեցավ»: Ի դեպ, երեկ Մարկ Սաղաթելյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել. «Իմ բոլո՛ր ընկերներ, բոլորիդ մեծ շնորհակալություն եմ հայտնում աջակցության համար: Ես արդեն շարքեր եմ վերադարձել, չկա այնպիսի ուժ, որն ինձ հաղթահարի, երբ կողքիդ կա նման ընտանիք ու այսպիսի ընկերներ: Սիրում եմ ձեզ բոլորիդ»:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

լուսանկարը՝ Գ. ՇԱՄՇՅԱՆԻ




Լրահոս