ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԸ` ԽԵՂՃ ՎԻՃԱԿՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն տարի հունիսի 22-ին Վանաձորի վետերաններն  այցելում են  Հայրենական պատերազմում զոհվածների հիշատակն անմահացնող հուշարձան` իրենց հարգանքի տուրքը մատուցելու զոհված  ընկերներին: Այսօր արդեն քիչ թվով վետերաններ են մնացել, որոնք ամեն տարի այս օրը հիշում են  պատերազմի սկիզբն ու հաղթանակի բերկրանքը:
«Ամեն տարի այս օրերին ես դրվագներ եմ հիշում պատերազմից ու հիշում եմ նաեւ, որ հույս ունեինք` անպայման հաղթելու ենք: Ցավով պետք է ասեմ, որ մոռացության է տրվել այս կարեւոր հաղթանակը, չէ՞ որ Սովետական միությունը եթե պարտվեր, անմիջապես մեր ոխերիմ թշնամու՝ Թուրքիայի 26 դիվիզիան մեր սահմանի վրա էր, մեզ ոտնատակ կանեին: Մենք գոյատեւեցինք շնորհիվ  Սովետական միության»,-ասաց Վանաձորի վետերանների խորհրդի նախագահ Արտեմ  Մանուչարյանը:
Արդյոք Հայաստանի կառավարությունը բավականաչափ ուշադրություն է դարձնում  վետերաններին. այս հարցին անդրադառնալով` Արտեմ Մանուչարյանը նշեց. «Բավական է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը 20 տարեկան է, բայց դեռ աշխատանքի վետերանների մասին օրենք չունի: Ամեն օր թանկանում են սննդի ու դեղորայքի գները, բայց մեր թոշակները նույնն են մնում: Պատերազմի վետերանը 25 հազար պատվո վճար է ստանում, բացի իր թոշակից:  Ամբողջ աշխարհում, բացի Հայաստանից, ամենալավ ապրող մարդիկ վետերաններն են, մեզ մոտ ոչ մի ուշադրություն չկա, պատերազմի վետերանը խեղճ վիճակում է»:
Տոնական օրերի՞ն էլ են գտնվում անուշադրության կենտրոնում: «Եթե համեմատենք  երգչուհիների հետ, որ նրանք կարող են 40 հազար եվրոյանոց մեքենա ստանալ, կամ սպորտսմենների, որ ամեն օր հեռուստատեսությամբ տեսնում ենք, թե ինչպես են բնակարաններ հանձնում, մենք բավականին հետին պլանում ենք»,-ցավով նկատեց Արտեմ Մանուչարյանը:
Վանաձորի վետերաններն այցելեցին նաեւ  Անհայտ  զինվորի  հուշակոթողին: Նրանք ծաղիկներ դրեցին եւ մեկ րոպե լռությամբ իրենց  երախտագիտությունը հայտնեցին այն ընտանիքներին, որոնց որդիներն այդպես էլ չվերադարձան պատերազմից: Վետերանները մտահոգված են նաեւ հուշարձանների պահպանության հարցով: «Մեր քաղաքապետարանը պետք է ուշադրություն դարձնի, որ քայքայվում են մեր հուշարձանները` լինի գյուղական, թե քաղաքային, բոլորն էլ վերանորոգման կարիք ունեն»,-նկատեց մեր զրուցակիցը:

ԼԻԱ ՆԵՐԿԱՐԱՐՅԱՆ
Լոռի




Լրահոս