ԱՂԲԱՎԱՅՐԸ՝ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Շուրջ տասը տարի է՝ Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքն աղբավայր չունի:  Ավելի քան 20 հազար բնակչություն ունեցող քաղաքի կենցաղային եւ այլ տեսակի  աղբը տեղափոխվում եւ կուտակվում է մարզկենտրոնից դուրս՝ Իջեւանի տարածաշրջանի Լուսաձոր գյուղի տարածքում: Սակայն այդ աղբավայրը շատ անհարմար տեղ է՝ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի եզրին: Հաճախ  քամին ծածանում, օդ է բարձրացնում աղբավայրում թափված հազարավոր պոլիէթիլենային տոպրակները, դրանք կառչում են ճանապարհի եզրի ծառերից, թփերից, ու մի տեսակ էկզոտիկ պատկեր է ստացվում: Տեսարանը ծիծաղելի կլիներ, եթե վիճակն այդքան տխուր չլիներ:
Միջպետական ճանապարհի եզրին գտնվող աղբավայրում հաճախ հրդեհներ են բռնկվում, եւ զանազան «բույրերով համեմված» ծուխն օրերով կախվում է ճանապարհի վրա՝ շնչահեղձ անելով մեքենաներով երթեւեկողներին ու հետիոտներին: Ճանապարհի եզրին գարշահոտություն է տիրում: Թռչունները, շները, ընտանի ու վայրի կենդանիները քարշ են տալիս, տարածում կուտակված աղբը՝ իրական վտանգ ստեղծելով տարափոխիկ հիվանդությունների առաջացման, մարդկանց առողջության համար:
Զբոսաշրջությունը Տավուշի մարզի զարգացման հեռանկարային ուղղություններից է: Սակայն Երեւանից Մակարավանք, Կիրանցի վանք կամ Մշկավանք ուղեւորվող զբոսաշրջիկներին միջպետական ճանապարհի այդ տգեղ տեսարանը կարող է վախեցնել: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը մարզխորհրդի նիստերում բազմիցս խոսել է միջպետական ճանապարհի եզրին աղբ չթափելու, համայնքներում աղբավայրերի տարածք հաստատելու մասին, այս խնդրի կապակցությամբ նա մարզպետարանի վարչությունների պետերին, բաժնի վարիչներին, համայնքների ղեկավարներին տվել է հանձնարարականներ: Սակայն անցած տասնամյակում Իջեւանի աղբավայրի վիճակն այդպես էլ չի բարելավվել:
Դրությունն  այնքան  մտահոգիչ է, որ  ստիպված գործի են անցել երեխաները: Հունիսի 20-ին  Իջեւանի «Պրոգրես» ՀԿ նախաձեռնությամբ քաղաքի ավագ դպրոցի, «ՍՕՍ» մանկական գյուղի, «Հույսի կամուրջ» ՀԿ-ի երեխաները ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղի ուսանողների, Իջեւանի ճանապարհաշինական ձեռնարկության աշխատակից  կամավորների հետ գնացել են աղբավայր, հավաքել տոպրակները եւ ճամփեզրին թափված պլաստմասսե շշերը: Տոպրակներով աղբը թաղվել է Իջեւանի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատողների կողմից աղբավայրում նախօրոք փորված փոսում:
Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանն ասաց, որ խնդիրը վաղուց է առկա, աղբավայրի շուրջ 1 հա տարածքում մեծ քանակությամբ աղբ կա, սակայն  քաղաքային բյուջեում առկա միջոցները բավարար չեն տարիներով կուտակված աղբը տեղում թաղելու համար: Նրա խոսքերով՝ իրենք որոշել են կուտակված աղբը հորելու գործում ներգրավել միջազգային կազմակերպություններին եւ տեղի գործարարներին, նաեւ պատրաստ են համայնքային միջոցներից էլ նշանակալի ներդրում կատարել:  

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ




Լրահոս