«ԵՍ ԶԱՐՄԱՆՈՒՄ ԵՄ, ԵՐԲ ՉԻ ԹԱՆԿԱՆՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի հյուրն է «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնի տնօրեն, թատերական գործիչների միության քարտուղար, դերասանուհի ՄԱՐԻԱՆՆԱ ՄԽԻԹԱՐՅԱՆԸ, որը նաեւ նկարահանվում է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում:
-Որպես ՀՀ քաղաքացի` գո՞հ եք  այն պայմաններից, որոնք այսօր ապահովում է  մեր պետությունը:
-Ինձ թվում է` յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում ապրելու իր ձեւը, եւ պետք չէ մեղավորներ փնտրել: Եթե իմ կյանքում ինչ-որ բան չի կայացել կամ չի կատարվում, ես դա փնտրում եմ իմ մեջ, ոչ թե պետության, կառավարության, այս կամ այն մարդու մեջ: Սա ավելի շատ իմ ընտրությունն է, իմ մեղավորությունն ու իմ որոշումը:
-Հենց Ձեր ասած ապրելու ավելի լավ ձեւ ընտրելով` շատերը Հայաստանը լքելու որոշում են կայացնում, ինչի հետեւանքով այսօր արտագաղթը մեծացել է:
-Ցավոք, շատ է մեծացել: Իմ մեջ կա ե՛ւ հայկական, ե՛ւ ռուսական արյուն, 50/50` պապայի հայրը հայ է, մայրը` ռուս, մամայի մոտ ճիշտ հակառակը` մայրը հայ է, հայրը` ռուս, Ռուսաստանում շատ բարեկամներ ունենք: Ծանր տարիներին ես էլ կարող էի մեկնել, բայց, ինչպես շատ տարիներ առաջ, իմ մայրը, որը Լենինգրադից տեղափոխվեց Հայաստան իր մորաքրոջ մոտ, կատարեց այդ ընտրությունը, ես էլ այսօր իմ ընտրությունն եմ անում` մնալ Հայաստանում, լինել հայ, ապրել ու խոսել այս երկրում: Իսկ ի՞նչ է նշանակում ազգություն հիմա, այս  գլոբալիզացիայի ժամանակ: Օրինակ` ես ինձ համարում եմ աշխարհի մարդ, ուղղակի ես ապրում եմ Հայաստանում: Արտագաղթն ինձ համար չէ:
-Փաստորեն, Դուք նախընտրում եք չունենալ շքեղ պայմաններ, բայց մնալ այստե՞ղ:
-Շատ բարդ է լինել օտարության մեջ եւ զգալ, որ դու օտար ես: Ինձ համար այդ օտարության զգացողությունը ծանր է: Ինքս եղել եմ տարբեր երկրներում, բայց այստեղ մնալն իմ որոշումն է: Ես ունեմ բարեկամներ ԱՄՆ-ում, Շվեյցարիայում, եւ ինձ տխրեցնում է փաստը, որ իմ մտերիմներից շատերը գտնվում են Հայաստանից դուրս: Ուղղակի հիմա երեւի փրկում է կապը, հեռախոսները, երեւի դրա համար այդքան չենք զգում այդ հեռավորությունը: Երեւի աշխարհն է փոքրացել: Ինձ թվում է` կգա մի օր, երբ ամեն ինչ շատ լավ կլինի:
-Ձեր կոլեգաներից շատերն ընտանիքներով հեռացան:
-Ինչո՞ւ միայն կոլեգաներից: Ինձ թվում է, որ հիմա, ավա~ղ, միլիոնից ավել լքել են մեր երկիրը: Շատ ցավալի է, որ իմանում ես` այսինչ մարդն էլ է գնացել, այն մյուսն էլ: Եւ այդ դատարկ տեղերը չեն լրացվում:
Հիմա տարբերություն չկա, թե որտեղ է ապրում մարդը, ամեն մեկն իրավունք ունի ընտրել իր կյանքը, ճակատագիրը, վարվել այնպես, ինչպես ինքն է ցանկանում, ճիշտ գտնում: Իմ ընտրությունը սա է, հիմա ճիշտ եմ, սխալ եմ… Եթե ես գնայի, տեղափոխվեի, լիներ այսպես կամ այնպես, եթե-ներով անիմաստ է խոսել:  
-Այնուամենայնիվ, անհերքելի է, որ մեզ մոտ միջին խավ չկա:
-Այո՛, միջին խավ գոյություն չունի, դե գուցե մի օր լինի:
-Ինքներդ լուծո՞ւմ եք ինչ-որ կենցաղային հարցեր, օրինակ` գնումներ կատարում, թե՞ Ձեր փոխարեն դա անում են:
-Ես ունեմ հայր եւ մայր, որոնց հետ ապրում եմ եւ, բնականաբար, ամեն օր մտնում եմ խանութ ու գնումներ կատարում: Դա իմ ապրելու ձեւն է, ինչպե՞ս կարելի է խանութ չմտնել: Երեւի կան մարդիկ, որոնք այդ հարցերից հեռու են, բայց մեր տանը ես եմ այդ տեսակ հարցերով զբաղվում:
-Նկատե՞լ եք գնաճը:
-Երբ մի քանի օր չես մտնում խանութ կամ բացակայում ես քաղաքից ու գալիս, տեսնում ես, որ այս կամ այն մթերքի գինը բարձրացել է: Ընդհանուր ամեն ինչի գներն են բարձրացել: Ես զարմանում եմ, երբ չի թանկանում: Ամեն անգամ առեւտուր անելիս զգացվում է, որ մի քիչ ավել ես վճարում: Եթե տեսականորեն վերցնես, ամբողջ աշխարհում է ամեն ինչ թանկանում, կյանքը բարդանում է: Ասել, որ միայն մենք ենք բարդ կացության մեջ, միայն մեր կյանքն է վատանում, երեւի սխալ կլինի: Ցավալի է, բարդ է, բայց ինչ անել` ես չգիտեմ: Չգիտեմ, թե ով գիտի լուծման տարբերակներ: Բայց դե ամբողջ օրը նստել, լաց լինել ու ասել` վա~յ, ինչ վատ է, դրանից կարո՞ղ է ինչ-որ բան էժանանա, իհարկե ոչ: Այն մարդիկ, որոնք գիտեն ձեւերը, որպեսզի մեր կյանքը լավանա, թող անեն, ես չգիտեմ, բայց փոփոխություններ անհրաժեշտ են: Կարեւորը հույսն է, որն առաջ ավելի շատ կար, իսկ հիմա քչացել է, դա է պատճառը, որ մարդիկ ավելի շատ են գնում մեր երկրից: Թող այդ հույսը վերադառնա: Հուսալով ու համբերությամբ ապրենք:

շարունակելի
ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ




Լրահոս