
Հայաստանի ներկայացուցիչները նշանակվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի և Եվրասիական տնտեսական միության դատարանի անդամ: ԵՏՄ Բարձրագույն խորհրդի համապատասխան որոշումները հրապարակված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կայքում:
Մասնավորապես, հայկական կողմից որպես ԵՏՀ նախարար կոլեգիայի անդամ են նշանակվել Ռոբերտ Հարությունյանը, Կարինե Մինասյանը և Արա Նռանյանը: Այդ նշանակման հետ կապված՝ հանձնաժողովին թույլատրված է լրացուցիչ ստեղծել կոլեգիայի 3 անդամների նոր քարտուղարություն: Բացի դրանից՝ ԵՏՀ դեպարտամենտների թիվը 8-ից հասցվել է 11-ի:
ԵՏՄ Բարձրագույն խորհրդի մեկ այլ որոշմամբ՝ Հայաստանի կողմից ԵՏՄ դատարանի անդամ են նշանակվել Արմեն Թումանյանը և Էռնա Հայրիյանը:
Բացի դրանից՝ համաձայնեցվել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ և միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի թեկնածությունը՝ որպես ԵՏՀ Խորհրդի անդամ:
Հայաստանը ԵՏՄ անդամ է դարձել հունվարի 2-ին: