Ամերիկայի Միացյալ Նահանգներն անհանգստացած է Հայաստանի ու Ադրբեջանի միջև զինված միջադեպերի կապակցությամբ ու կոչ է անում կողմերին զերծ մնալ զինված գործողություններից: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին` լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
«Մենք անհանգսացած ենք այդ տարածաշրջանում զինադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ»,- ասել է ամերիկացի դիվանագետը: Նա ընդգծել է, որ Միացյալ Նահանգները նախկինի նման կոչ են անում Հայաստանին ու Ադրբեջանին արդեն ավելի քան 25 տարի շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորմանը:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն հետախուզական երկու գործողություն, որոնց դիմագրավելից հայկական կողմը տվել էր 2 զոհ և 1 վիրավոր, իսկ այսօր հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող: