Թևավոր հրթիռների ու միջուկային զենքով հագեցած ռուսական սուզանավերի պատճառով Մոսկվայի ու Վաշինգտոնի միջև մեծացող ճեղքվածքը սպառնում է վերջ դնել սպառազինության վերահսկողությանն ու վերսկսել աշխարհի երկու խոշոր միջուկային գերտերությունների միջև վտանգավոր մրցակցությունը, գրում է The Guardian-ի լրագրող Ջուլիան Բորջերը:
«Լարվածությունը մեծացել է ԱՄՆ կողմից ռուսական նոր թևավոր հրթիռների մշակման դեմ պատասխան քայլեր ձեռնարկելու սպառնալիքի պատճառով: Վաշինգտոնը պնդում է, որ Մոսկվան խախտում է սառը պատերազմի գլխավոր պայմանագրերից մեկը և դիտարկում է 23 տարվա բացակայությունից հետո իր սեփական թևավոր հրթիռները Եվրոպա վերադարձնելու հեռանկարը»,- ասվում է հոդվածում:
Դեկտեմբերի 26-ին ԱՄՆ բանակը Վաշինգտոնում փորձարկել է առաջին երկու «դիրիժաբլ», հայտնում է հրատարակչությունը:
«JLENS անվամբ հայտնի համակարգը ստեղծված է մոտեցող թևավոր հրթիռները ճանաչելու համար: Հյուսիսային Ամերիկայի օդային պաշտպանության հրամանատարությունը (ՆՕՐԱԴ) չի պարզաբանել սպառնալիքի բնույթը, սակայն դրա տեղակայումը իրականացվել է ՆՕՐԱԴ-ի գեներալ Չարլզ Ջեյկոբի այն խոստովանությունից 9 ամիս անց, թե Պենտագոնը թևավոր հրթիռներին դիմակայելու հարցում մի շարք խոչընդոտների հետ է բախվել` մասնավորապես վկայակոչելով ռուսական տորպեդային սուզանավերից եկող սպառնալիքը»,-հայտնում է Բորջերը:
ԱՄՆ ու Ռուսաստանի ռազմավարական նշանակությամբ միջուկային մարտագլխիկների թիվն անցած տարի մեծացել է, երկու կողմերն էլ տարեկան բազմաթիվ միլիարդներ են ծախսում իրենց սպառազինության արդիականացման համար: Ուկրաինայում պատերազմի ու թուլացող տնտեսության ֆոնին Վլադիմիր Պուտինը ` որպես ռուսական ազդեցության երաշխավորի ու խորհրդանշի գնալով ավելի մեծ նշանակություն է տալիս միջուկային զենքին, նշում է հոդվածի հեղինակը: