Այսօր երգչուհի Սիրուշոն (Սիրանուշ Հարությունյան) դարձավ 28 տարեկան:
Նա սկսել է իր կարիերան 7 տարեկանից` երգելով Հայաստանի և Կանադայի բեմերում։ 9 տարեկանում ստացել է իր առաջին երաժշտական մրցանակը «Լուսաբաց» երգի համար։ Նրա «Սիրուշո» կոչվող առաջին ստուդիական ալբոմը լույս է տեսել 2000 թվականին, որին հաջորդեց «Շերամ» ձայնասկավառակը 2005 թվականին։
Նույն տարում նա ստացավ 3 մրցանակ Հայկական ազգային երաժշտական մրցանակաբաշխությունում։ 2007 թվականին լույս տեսավ երգչուհու «Հիմա» կոչվող երրորդ ալբոմը։
2008 թվականի մայիսին Սիրուշոն իր «Քելե Քելե» երգով ներկայացրեց Հայաստանը Եվրատեսիլ 2008 երգի մրցույթում և զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը։ 2009 թվականին նա թողարկեց իր «Erotas» կոչվող հունալեզու երգը, որը բավականին մեծ արձագանք ունեցավ Հունաստանում և Կիպրոսում։ Նույն թվականին սերբ երգչուհի Ելենա Տոմաշևիչի և իսրայելցի երգիչ Բոազ Մաուդայի հետ Սիրուշոն ձայնագրում է «Time to pray» երգը։ Հաջորդ տարի երգչուհին թողարկում է իր չորրորդ ալբոմը, որը կոչվում է «Հավատում եմ»։
2012 թվականի դեկտեմբերի Սիրուշոն թողարկում է իր «ՊռեԳոմեշ» երգը, որը զբաղեցնում է մի շարք հիթ-շքերթների առաջին հորիզոնականները և ունենում է 2 միլիոնից ավել դիտում Յութուբում։ 2013 թվականի դեկտեմբերին նա թողարկում է «See» երգը՝ համագործակցությամբ հույն երգիչ Սակիս Ռուվասի հետ։
Հավելենք, որ 2009 թվականի հունիսի 9-ին Սիրուշոն ամուսնացավ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի հետ: Նախորդ տարվա ամռանը ծնվեց նրանց առաջնեկը: