Հակառակորդը երեկ գիշեր կրկին ակտիվ է եղել. Բարեկամավանում ականի բեկորներ են լցվել տներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի Բարեկամավան գյուղում երեկ գիշեր լարված վիճակ է եղել: Armlur.am-ի հետ զրույցում Բարեկամավանի համայնքապետ Գագիկ Աբազյանը հայտնեց, որ այս պահին իրավիճակը համեմատաբար հանգիստ է, իսկ գիշերն արձակված կրակոցներից, բարեբախտար, զոհեր չկան:

«Գյուղից մեկի տուն սնարյադ է տնկել: Բարեբախտաբար, մարդ չի եղել տանը: Մի քանի կրակոցներ էլ գյուղի մեջ են արձակվել: Վնասվել է նաև գյուղի եկեղեցու պատը: Մեր կողմի համապատասխան գործողություններից հետո հակառակորդը դադարել է կրակոցները: Մերոնք էլ են ակտիվ եղել: Իսկ այսօրվա ընթացքում ընդամենը մի կրակոց է լսվել»,- հավելեց Գագիկ Աբազյանը:

Վերջինիս խոսքով` նախորդ տարվա հուլիս-օգոստոս ամիսների ակտիվությունից հետո տևական ժամանակ գյուղում հանգիստ վիճակ էր, հակառակորդը ակտիվություն չէր ցուցաբերում: Վերջին ամիսների ընթացքում երեկ գիշերվանն առաջին դեպքն էր:

Թե որ զինատեսակն է գործածել հակառակորդը, գյուղապետը դժվարացավ հայտնել` նշելով, որ այս պահին համապատասխան ուսումնասիրությունները կատարվում են:

Բարեկամավանի գյուղապետը տեղեկացրեց նաև, որ զորամասի հրամանատարը պատրաստվում է գյուղացիների հետ հանդիպել, ներկայացնել իրավիճակը` նրանց խուճապից հանելու նպատակով:




Լրահոս