Այս ամենն ավելի խոր արմատներ ունի. այս տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է լրանում և ադրբեջանցիները նպատակ ունեն աշխարհին ցույց տալու, որ հենց հայերն են ագրեսորները: Խոսելով վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարվածության մասին՝ ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց:
Նրա կարծիքով՝ ադրբեջանական կողմի գործողությունները որևէ նոր տարր չեն պարունակում, և մենք պետք է որ չզարմանաք նրանց այդ արարքներից:
«Պետք չէ զարմանալ, այլ պարզապես պետք է համոզվել, որ մեր հարևանները պատրաստ են ցանկացած ստոր արաքի, որպեսզի աշխարհին ինչ-որ բան ապացուցեն: Նրանց համար զինվորը մի գրոշի արժեք էլ չունի: Այդ մենք ենք ցավում, ողբում մեր զինվորների մահը»,- նշեց Շիրխանյանը: Վերջինս ասաց նաև, որ ադրբեջանցիները կոնկրետ քաղաքական նպատակներ են հետապնդում և ուզում են ամբողջ աշխարհի առջև հայ ագրեսորի կերպար ստեղծել: «Ադրբեջանցիների ջանքներն ապարդյուն են, մենք կանգուն ենք և սադրանքների չենք ենթարկվում»,- եզրափակեց ՊՆ նախկին փոխնախարարը: