Հակառակորդը 1 օրում 5500 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն` հունվարի 7-ին և լույս 8-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60մմ ականանետից (7 արկ) և ՌՊԳ-7 (5 արկ) ու ԳՊ-25 (2 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5500 կրակոց: Ինչ վերաբերում է ղարաբաղյան ուժերի կողմից ադրբեջանական խաղաղ բնակավայրերի գնդակոծումների մասին վերջին շրջանում համացանցում հայտնված տեղեկություններին, ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ դրանք հերթական ապատեղեկատվությունն են:

Արցախի զինված ուժերը խիստ անհրաժեշտության դեպքում միայն ու միայն թիրախային հարվածներ են հասցնում հակառակորդի առաջնագծի դիրքերին՝ նպատակ ունենալով ճնշել վերջին նախահարձակ ու սանձարձակ գործողությունները: Խաղաղ բնակավայրերը պաշտպանության բանակի համար երբևէ չեն եղել հարվածի թիրախ: Հիշեցնենք, որ տվյալ վարքագիծը եղել ու մնում է ադրբեջանական զինուժի «մենաշնորհը», ինչի ապացույցն են հայ-ադրբեջանական սահմանահատվածին գտնվող հայկական բնակավայրերի վրա հակառակորդի կողմից պարբերաբար իրականացված և իրականացվող գնդակոծություններն ու արկակոծությունները:




Լրահոս