Հունիսի 29-ին՝ ժամը 19.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ “աջ ազդրի վերին երրորդականի կողային մակերեսի կտրած-ծակած վերք” ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1975 թ. ծնված Մակիչ Թ.-ն: Մեկնած օպերատիվ խմբին Մակիչ Թ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16.30-ի սահմաններում, Կուտական գյուղի հարակից դաշտում, վիճաբանության ժամանակ, ոմն Կարեն դանակով հարվածել է իրեն և պատճառել վնասվածք: Մակիչ Թ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մակիչ Թ.-ի հետ վիճաբանել են Կուտական գյուղի բնակիչներ, եղբայրներ` 1977 թ. ծնված Մարտին և 1984 թ. ծնված Կարեն Ա.-երը: Այդ ընթացքում Կարենը ձեռքին դանակով հարվածել է Մակիչ Թ.-ին և պատճառել վնասվածք:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է: Կատարվում է հետաքննություն: