Մեր քաղաքը նախաձեռնությունը պահանջում է Ռուբեն Հայրապետյանին զրկել պատգամավորի մանդատից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Մեր քաղաքը” հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը տարածել է թռուցիկ հաղորդագրություն՝ հորդորելով բոլոր քաղաքացիներին տպել եւ Երեւանի փողոցներում ցրել այն թղթային տարբերակով:
Հաղորդագրության մեջ նշվում է.
“Հունիսի 17-ին ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող “Հարսնաքար” ռեստորանային համալիրում դաժան ծեծի ենթարկվեց ՀՀ ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր 35-ամյա Վահե Ավետյանը, ով ծայրահեղ ծանր վիճակում մնալուց հետո իր մահկանացուն կնքեց հունիսի 29-ի երեկոյան: Ավետյանին եւ իր ընկերներին ծեծի ենթարկած անձինք՝ Ռուբեն Հայրապետյանի թիկնապահները եւ “Հարսնաքարի” աշխատակիցները, պատասխանատվության չեն ենթարկվել:
Այսօր՝ 21:00-ին, միացեք մեզ Ավանի “Հարսնաքար” ռեստորանի մոտ՝ մոմավառություն կազմակերպելու Վահե Ավետյանի հիշատակին եւ բողոքի ձայն բարձրացնելու սանձարձակ օլիգարխիայի ու մարդասպանների խրախճանքի դեմ: ՀՀ-ում ամենաթողության կարծրատիպը վերացնելու նպատակով ԲՈԼՈՐՍ ՄԵԿ ՄԱՐԴՈՒ ՆՄԱՆ պիտի պահանջենք Ռուբեն Հայրապետյանին անհապաղ զրկել պատգամավորական մանդատից եւ ցմահ ազատազրկման դատապարտել նրա հանցագործ կամակատարներին, ովքեր կազմակերպել եւ իրականացրել են Վահե Ավետյանի սպանդը: Միաժամանակ ԲՈՅԿՈՏՈՒՄ ԵՆՔ “Հարսնաքար” ռեստորանային համալիրը, “Բջնի” եւ “Նոյ” հանքային ջրերի ապրանքատեսակները:
Այսօր` 21:00-ին, մենք մեր բողոքն ենք արտահայտելու Հայաստանում Հանրապետությունում պետականորեն հովանավորվող սարսափելի եւ անմարդկային բարքերի դեմ”:




Լրահոս