ՊՆ փոխգնդապետը փորձել է պայթեցնել Հարսնաքար ռեստորանային համալիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ հուլիսի 1-ին, գիշերը ժամը 2.15-ի սահմաններում “Հարսնաքար” ռեստորանային համալիրի տնօրեն Հրաչյա Զոհրաբյանը ահազանգել է Ոստիկանության Նոր Նորքի բաժին և հայտնել, որ մի քաղաքացի ճամպրուկով հանդերձ մտել է ռեստորանային համալիր և սպառնացել, որ այն պայթեցնելու է։
Ինչպես  armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, “Հարսնաքար” են ժամանել Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի աշատակիցները՝ Նոր Նորքի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի և բաժնի պետի օպերգծով տեղակալ Վալերի Բաղյանի գլխավորությամբ։ Մոտ երեք ժամ Ոստիկանության օպերատիվ-քննչական խումբը բանակցություններ է վարել քաղաքացու հետ, ինչի արդյունքում կարողացել են վնասազերծել քաղաքացուն և տեղափոխել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։
Ժամանել են նաև պարամեդիկների խումբը, հրշեջ–փրկարար ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հատուկ փրկարար ջոկատը և Երևանի փրկարար վարչության Ավանի բաժնի խումբը։ Տեղում էր նաև 1-03 ծառայության բրիգադը։
Գ. Շամշյանը հայտնում է, որ օպերատիվ քննչական խումբը՝ ավագ քննիչ Վարդան Ջանբարյանցի գլխավորությամբ պայուսակում հայտնաբերել է 3 հատ 400 գրամ, 2 հատ 200 գրամ, 1 հատ 25 գրամ տրոտիլ, 2 նռնակ, 40 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, կրակատար քուղ՝ 8 հատ պայթուցիչներով, արձակման համակարգ, 1 հատ լուսային ազդանշանային հրթիռ, 2 ծալովի դանակ և 1 “Սամսունգ” տեսակի բջջային հեռախոս։ Այդ ամենը ավագ քննիչի որոշմամբ առգրավվել է։
Փաստի առթիվ ՈՔԳՎ Երևանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանը հայտնում է, որ իր տեղեկություններով “Հարսնաքար” ռեստորանային համալիրը պայթեցնել փորձած քաղաքացին ՀՀ Զինված ուժերի փոխգնդապետ 39-ամյա Վարդան Սամվելյանն է։
Նրա հայրը ոստիկանության գնդապետ Սամվել Սամվելյանն է, ով աշխատում է ՈՔԳՎ-ում, իսկ եղբայրը՝ Արման Սամվելյանը քրեական հետախուզության օպեր լիազոր է։ Վարդան Սամվելյանը ռեստորանային համալիր մուտք է գործել զինվորական համազգեստով և բանակցությունների ողջ ընթացքում սպառնացել է, որ կպայթեցնի ռեստորանային համալիրը։
 




Լրահոս