Վահե Ավետյանի մահը ողբերգություն է. Օսկանյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Վարդան Օսկանյանը “Ֆեյսբուքի” իր էջում անդրդարձել է Վահե Ավետյանի մահվանը: Նա գրել է.
 
“Վահե Ավետյանի մահը ողբերգություն է: Այլ կերպ բնութագրել հնարավոր չէ, երբ բանակի սպան, բժիշկը, ընդհանրապես սովորական մարդը իր հանգստյան պահին այնպիսի դաժան ծեծի է ենթարկվում, որ կյանքն է կորցնում: Դժվար է իսկապես բառեր գտնել ոչ միայն նրա հարազատներին, այլև անգամ մեզ՝ Վահեին չճանաչողներին սփոփելու համար: 
 
Բնականաբար այս օրերին բոլորս փորձում ենք այս ամենի բացատրությունը գտնել, փորձում ենք հասկանալ, թե որոնք են պատճառները, որ կարող են նման երևույթներ ծնել: 
 
Ես հիշեցի Վացլավ Հավելի “Ամռային մեդիտացիա” հոդվածը, որտեղ նա հետևյալ միտքն էր արտահայտել. “Մարդիկ ունեն այն քաղաքական գործիչներին, որոնց արժանի են: Սա մասամբ է ճիշտ: Քաղաքական գործիչներն իրոք իրենց հասարակությունների հայելին են և ինչ-որ տեղ հասարակության պոտենցիալի մարմնացումը: Պարադոքսալ է, բայց հակառակը նույնպես ճիշտ է: Հասարակությունն է իր քաղաքական գործիչների արտացոլումը, որովհետև հիմնականում քաղաքական գործիչներն են որոշում, թե որ ուժերն են ազատ, որոնք՝ վերահսկելի, ինչպես նաև ընտրում՝ ինչի վրա հենվել՝ քաղաքացու լավագույնի, թե վատագույնի”:
 
Ես ամբողջությամբ համաձայն եմ Հավելի այս մտքի հետ և համոզված, որ ինչպես պատմությունն է վկայում, հասարակության առողջությունը և արժեհամակարգը կախված են նաև նրանից, թե առաջնորդները և համակարգն ինչ են խրախուսում կամ մերժում, ինչպիսի օրինակ են ծառայում և թե ովքեր են շրջապատում նրանց:
 
Իրոք, նրանք կարող են հասարակության մեջ հավասարապես արթնացնել ատելություն, էգոիզմ, ամենաթողություն, անարդարություն կամ հակառակը՝ հանդուրժողականություն, արդարություն և հարգանք: Հետևապես, ինչպես Հավելն ինքն է եզրափակում, “բոլոր նրանք, ովքեր մտնում են քաղաքականություն, բարձր պատասխանատվություն են կրում հասարակության բարոյական վիճակի համար, և նրանց պարտքն է հասարակության ներսում գտնել լավագույնը՝ այն սնելու և զարգացնելու համար”:




Լրահոս