Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն այսօր հրավիրված ասուլիսը խնդրեց սկսել մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ հունիսի 17-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող “Հարսնաքար” ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում մահացած ՀՀ ՊՆ կայազորի զինվորական հոսպիալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանի հիշատակի: Այնուհետև նա պարզաբանեց, որ մինչ օրս դեպքի առիթով խուսափել է հայտարարությունից, քանի որ ինքն ի պաշտոնե որևէ իրավասություն չի ունեցել միջամտելու:
“Այս ամենը վախերի արդյունք և հետևանք է, մեր հասարակության ամենամեծ ցավը տարբեր վախերն են: Վախ, որ դու կհայտնվես դատարանում, և քո հանդեպ կլինի անարդար վճիռ: Վախ, որ ոստիկանը քեզ կծեծի, վախ, որ պետավտոտեսուչը ապօրինի ձևով կխոչընդոտի քո երթևեկությանը: Վախ, որ դու քո վեջին թոշակը չես ստանա, կամ այն չի հերիքի և այլն”,- ասաց նա։
Կարեն Անդրեասյանի համոզմամբ, այդ վախն անհաղթահարելի է, մինչև չլինեն արդար դատաիրավական բարեփոխումներ, այն հաղթահարել չի լինի:
Կարեն Անդրեասյանը հրապարակավ կոչ արեց լրջագույնս քննարկել դատաիրավական համակարգի կայացման վերաբերյալ լուծումները, մասնավորապես այն ուղղելով Արդարադատության երեք նախարարների՝ Դավիթ Հարությունյանին, ով, ըստ նրա, դատաիրավական բարեփոխումների հիմնադիր ճարտարապետն է, Գևորգ Դանիելյանին, ով մաս է կազմել այդ բարեփոխումների, և Հրայր Թովմասյանին: