ԱՆԳԵՐԱԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի զբոսաշրջության միջազգային կազմակերպությունը հրապարակել  է տարեկան զեկույցը, որի համաձայն՝ արտասահմանյան զբոսաշրջիկների թվով Հայաստանը զբաղեցնում է տարածաշրջանում ամենավերջին տեղը: Ինչպես գիտենք, զբոսաշրջությունն արդեն քանի տարի է` համարվում է մեր երկրի տնտեսական գերակայություններից մեկը: Սակայն ինչպես մնացած բոլոր  գերակայությունների դեպքում, այստեղ եւս պատկերն անմխիթար է: Ըստ ՄԱԿ-ի  նշված զեկույցի՝ 2010թ-ի համեմատ 2011թ-ին ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվն աճել է 11 տոկոսով: Տնտեսության բոլոր ճյուղերում գրանցվող պերմանենտ անկումների ֆոնին այս ցուցանիշը կարող էր ոգեւորիչ համարվել, եթե չլիներ մեր հարեւան երկրների հետ համեմատականը: Օրինակ՝ Վրաստանում մեկ տարվա ընթացքում  զբոսաշրջիկների թիվն աճել է 39 տոկոսով: Եթե անցած  տարվա ընթացքում  Հայաստան է այցելել ընդամենը 758 հազար զբոսաշրջիկ, ապա Ադրբեջանում այդ թիվը կազմել է 1 միլիոն 500 հազար: Ընդ որում,  խոսքը 2011-ի մասին է,  2012-ին զբոսաշրջիկների  թիվը կրկնապատկվել է` «Եվրատեսիլ» երգի մրցույթի կապակցությամբ: Իսկ ահա Վրաստանում զբոսաշրջիկների թիվն ավելի քան հինգ անգամ գերազանցում է հայաստանյան ցուցանիշը. նշված ժամանակահատվածում Վրաստան է այցելել 2,8 միլիոն մարդ: Նրանց  մի զգալի մասն էլ մեր հայրենակիցներն են, որոնք, ի վիճակի չլինելով իրենց ամառային հանգիստը կազմակերպել Հայաստանում, նախընտրում են հարստացնել Վրաստանի բյուջեն: Նկատենք, որ մեծ տարբերություն կա ոչ միայն զբոսաշրջիկների քանակական, այլեւ որակական առումով` ըստ ծախսած ֆինանսական միջոցների: Եթե Հայաստան այցելած զբոսաշրջիկները ծախսել են 445 միլիոն դոլար, ապա Ադրբեջան այցելածներն ավելի առատաձեռն են գտնվել` այդ երկրում թողնելով  ընդհանուր առմամբ 1,2 միլիարդ դոլար:  Զբոսաշրջությունից ստացված եկամուտը մեր երկրում  անցած տարի աճել է ընդամենը 37 միլիոն դոլարով` այդպիսով Հայաստանը նաեւ այս ցուցանիշով դարձնելով տարածաշրջանի հետնապահը:
Իսկ ինչով է պայմանավորված նման պատկերը: Կառավարությունն, ինչ խոսք, այս դեպքում էլ կսկսի  պտտեցնել ճգնաժամի եւ շրջափակման մասին իր սիրած մաշված ձայնապնակը: Սակայն այս հարցում վարչապետ Տիգրան Սարգսյանին չէր խանգարի ՀՀԿ-ականների ամենասիրելի օլիգարխին` Սամվել Ալեքսանյանին, հարցնել, թե նա ինչու է նախընտրում գնալ հանգստանալու ու հետն էլ 1000 մարդ տանել ոչ թե ասենք` Սեւան կամ Դիլիջան, այլ Քոբուլեթի: Սամվել Ալեքսանյանը հաստատ սպառիչ կերպով կներկայացներ, թե բազմազավակ ընտանիքի հոր համար որքան անհասանելի են հայկական հանգստավայրերը: Իսկ ՀՀ եկող զբոսաշրջիկների զգալի մասը կազմող մեր սփյուռքի հայրենակիցներից էլ Տիգրան Սարգսյանը վատ չէր անի հարցներ, թե նրանք ինչու  չեն օգտվում ՀՀ-ի զվարճանքի վայրերից: Այս դեպքում էլ կբացատրվեր, որ մարդիկ պարզապես վախենում են այցելել Տ. Սարգսյանի կուսակցական ընկերներին պատկանող ռեստորանները` չցանկանալով, որ իրենց աստղաբաշխական գներով կերած մի կտոր հացը «օբյեկտների ախրաննիկները» քթներից բերեն:




Լրահոս