Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության պատգամավորները, որ այդպես էլ չէին երդվել ԱԺ-ում, այդ արարողակարգն արեցին երեկ՝ Ազատության հրապարակի հանրահավաքի ժամանակ: ՀԱԿ խմբակցության քարտուղար, ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք չեն կարող երդվել գողերի եւ ընտրակեղծարարների առաջ, եւ այդ քայլն անում են հանրահավաքում՝ իրենց ժողովրդի, իրենց ընտրողների, երկրի իրական տերերի առաջ: Ու Մանուկյանն ընթերցեց ԱԺ պատգամավորի երդման տեքստը:
ՀՀՇ նախագահը նաեւ հայտարարեց, որ ժողովուրդը պետք է պատրաստ լինի ցանկացած զարգացման: «Միանշանակ չէ, որ նախագահական ընտրությունները փետրվարին են լինելու. ՀԱԿ-ը մայիսին փուլային հաղթանակ է տարել, բայց փաթեթային հույսերն էլ դեռ յոթը սարերի հետեւում չեն»,-ասաց նա՝ հավելելով, որ արդեն քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել: Մանուկյանն անդրադարձավ նաեւ ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության գործունեությանը՝ նշելով, որ յոթ հոգով տասը ելույթ են ունեցել. «Նրանք գիտեին, որ դժվար է լինելու, բայց ոչ այսքան: Մեզ մոտեցել են ու զորակցությունն ու գոհունակությունն են հայտնել իշխող կոալիցիայի եւ կառավարության ներկայացուցիչներ՝ ընդհուպ մինչեւ նախարար: Հասկանալի է՝ անունները չեն նշում: Առանց ձեզ, ձեր հեւքն ու շունչը զգալու մենք թույլ ենք, յոթ հոգին այն թիվը չէ, որ կարողանանք որակ ստեղծել: Եվ հետո՝ իրենք այնքան մեզնից չեն վախենում, որքան վախենում ձեզնից, ձեր պատճառով է, որ առաջիկայում լինելու են զգոն, զգուշավոր, ավելի շատ են կարդալու, դահլիճում ավելի շատ են լինելու»: Մանուկյանը նաեւ նշեց, որ ՀՀԿ խմբակցությունում ոչ թե պատգամավորներ են, այլ՝ կոճակներ, որոնք ըստ հրահանգի միայն քվեարկում են, եւ այդպես ոչ միայն խորհրդարանը, այլեւ վարչապետն իր կառավարությամբ դարձել է նախագահական նստավայրից իջնող հրահանգների կատարածու: Ուստի Մանուկյանի խոսքերով, ՀԱԿ-ի համար կարեւոր է փոխել նախագահի պաշտոնը զբաղեցնող անձին:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մարտի 1-ի եւ հոկտեմբերի 27-ի ոճրագործությունների բացահայտման հրամայականին: Ըստ նրա՝ մարտի 1-ի հարցով ՀԱԿ-ը հայտնվել է մենակության մեջ, քանի որ մյուս քաղաքական ուժերի օրակարգում դրված չէ այս հարցը: «Այսօր ահա անհրաժեշտ է արձանագրել իրողությունը, որ Հայ ազգային կոնգրեսը միակ ուժն է, որը, իրեն պատասխանատու համարելով ՀՀ-ում սահմանադրական կարգի հաստատման եւ ժողովրդի իշխանության հաստատման համար, այդ համատեքստում հետամուտ է հոկտեմբերի 27-ի եւ մարտի 1-ի բացահայտմանը: Եվ բոլոր նրանք, ովքեր այդ դիրքորոշման մեջ տեսնում են անձնական դրդապատճառներ, սխալված կլինեն հաստատապես»,-նշեց նա՝ հավելելով, որ այդ հանցագործություններով իրականում կրակել են Հայաստանի Սահմանադրության ու ՀՀ քաղաքացու վրա: Ու դա է պատճառը, որ ՀՀ քաղաքացին այսօր իր պաշտպանությունը տեսնում է ոչ թե ՀՀ Սահմանադրությամբ, այլ՝ օտար երկիր գնալով: Նա կարծում է, որ այդքանից հետո պատահական չէ, որ «Հարսնաքար»-ի հրեշավոր դեպքից հետո քաղաքացիական զանգվածները դուրս չեն գալիս փողոց. «Բեսպրեդելի վերջը գալու է, եւ սրանում է ՀԱԿ-ի պատմական առաքելությունը»:
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը եւս անդրադարձավ իրենց խորհրդարանական գործունեությանը: Նրա խոսքերով՝ երեք օր շարունակ յոթ պատգամավորները խորհրդարանին ու կառավարությանը պահել են լարվածության եւ շփոթվածության մեջ, ինչի արդյունքում՝ Տիգրան Սարգսյանի մոտ ընկճախտ է սկսվել. «Ես չգիտեմ՝ ինչքան շուտ այդ ընկճախտը վարչապետից կփոխանցվի Սերժ Սարգսյանին, բայց ավելորդ չեմ համարում, որ մենք՝ այստեղ` Ազատության հրապարակում հավաքվածներս, անվստահություն հայտնենք կառավարությանը եւ այս իշխանություններին՝ ի դեմս գլխավոր պարագլուխ Սերժ Սարգսյանի»: Ըստ նրա՝ ԱԺ-ում ՀԱԿ գործունեությունը կհաջողվի միայն մեկ դեպքում. «Եթե Ազատության հրապարակը շարունակի շնչել, եւ մենք շարունակենք լինել Ազատության հրապարակի ներկայացուցիչները խորհրդարանում»: Զուրաբյանը խոսեց նաեւ ապագա նախագահական ընտրությունների մասին՝ ասելով, որ այդ ժամանակ քաղաքական պայքարն ավելի սուր ու անհաշտ է լինելու: «Շարունակվում է Ս. Սարգսյանի ռեժիմի քաղաքական հենարանի մեկուսացման գործընթացը: Ստեղծվել է հնարավորություն` ԱԺ-ում ռեժիմի դեմ միավորել բոլոր ոչ կոալիցիոն քաղաքական ուժերը, եւ միասնաբար ակտիվացնել ժողովրդի հանրահավաքային պայքարը,-ասաց նա՝ հավելելով,-աշնանը պետք է պատրաստ լինել բախտորոշ որոշումներ կայացնելու` երկրում քաղաքական գործընթացների համար ողջ պատասխանատվությունը ստանձնելու եւ ռեժիմին մահացու հարվածը նախապատրաստելու նպատակով: Այս ընթացքում մեզանից մի բան է պահանջվում. պահպանել համախմբվածությունն ու միասնականությունը, պահպանել շարժման ոգին, վճռականությունը եւ կառույցների մարտունակությունը»: Նշենք, որ հաջորդ հանրահավաքը նախատեսված է անցկացնել սեպտեմբերին:
«ԲԵՍՊՐԵԴԵԼԻ» ՎԵՐՋԸ ԳԱԼՈՒ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ