Ջաջուռի և Կրաշենի բնակիչները կստեղծեն փոքրիկ հյուրատներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ջաջուռ և Կրաշեն համայնքի շուրջ 20 բնակիչներ առաջիկայում կստեղծեն իրենց փոքրիկ հյուրատները: «Գեոֆոն» գիտական, բնապահպանական ՀԿ-ն «Էկոտուրիզմը Ջաջուռի լեռնանցքում» ծրագրի շրջանակներում Շիրակի մարզի Ջաջուռ և Կրաշեն համայնքներում նպաստեց էկոտուրիզմի B&B ծառայության զարգացմանը: Այն իրականացվեց ՀԵՀ-ի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում։ Արդյունքում Ջաջուռ և Կրաշեն համայնքների 20 բնակիչներ վերապատրաստվեցին էկոտուրիզմի` մասնավորապես B&B ծառայության ոլորտում աշխատելու համար: Դասընթացի ավարտին մասնակիցները ստացան էկոզբոսաշրջության մասնագետի վկայական:

Մշակվեցին երեք էկոերթուղիներ` մեծահասակների և երեխաների համար` դեպի Թռչկան ջրվեժ, Փամբակ գետի ակունքներ, Ջաջուռի լեռնանցքի անտառներով մինչև Շիրակի մարզի Կամո գյուղ:

Ջաջուռ և Կրաշեն համայնքերում իրականացված իրազեկվածության մասին հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ հարցվածների ավելի քան 80%-ը տարրական պատկերացում չունի իրենց համայնքերի մերձակայքում հանդիպող հազվագյուտ բուսատեսակների և կենդանիների մասին: Ուստի իրականացված ծրագրի շրջանակներում հրատարակվեց զբոսաշրջային ուղեցույց Շիրակի մարզի և Ջաջուռի լեռնանցքի մասին, որն անվճար տրամադրվեց զբոսաշրջային գործակալություններին և հյուրանոցներին: Տպագրվեցին նաև տեղեկատվական գունավոր թերթիկներ Ջաջուռի լեռնանցքի օրգանական աշխարհի և դրա պահպանման անհրաժեշտության վերաբերյալ՝ անվճար տրամադրվելով ՀՀ-ում գործող տուրօպերատորներին և զբոսաշրջային հյուրանոցներին:

«Գեոֆոն» գիտական, բնապահպանական ՀԿ նախագահ Լևոն Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ շուրջ 2000 բնակիչ մասնակցել է ծրագրին և 18-ը համաձայնել է հյուրատուն ստեղծել: Այնուհետև մանրամասնեց. «Ջաջուռի լեռնանցքը հետաքրքիր բնություն, հարուստ կենսաբազմազանություն ունի, բայց մարդիկ չգիտեն դրա մասին: Մենք որոշեցինք այդ տարածքը ինչ-որ կերպ օգտագործել զբոսաշրջության` հատկապես էկոտուրիզմի զարգացման համար: Բնակիչները կկարողանան ստեղծել իրենց փոքրիկ հյուրատները և այդպիսով եկամուտ ստանալ»: Խոսելով հիմնախնդիրների մասին` պարոն Մարտիրոսյանը նկատեց. «Ամենակարևորը ենթակառուցվածքների և սպասարկման ոչ բավարար ոլորտն է: Չկան փոքր հյուրանոցներ և համապատասխան պայմաններ զբոսաշրջիկներին ընդունելու համար: Օրինակ` Ջաջուռում Մինաս Ավետիսյանի տուն- թանգարանն է գործում, որը չի ջեռուցվում, և ձմռանը դժվար է այնտեղ զբոսաշրջիկ տանելը: Կամ տեղի բնակիչները ևս չեն կարող սպասարկել զբոսաշրջիկներին, քանի որ նրանք չունեն համապատասխան գույք` դահուկներ, սահնակներ և այլն, որ կարողանան դիմավորել զբոսաշրջիներին, մանավանդ որ Ջաջուռը ոչնչով չի զիջում Ծաղկաձորին»:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս