Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է Le Soir թերթի հրատարակչությունը պայթեցնել սպառնացող մարդուն, այժմ նրան հարցաքննում են, գրում է ՏԱՍՍ-ը: Այս մասին հայտնում են հրատարակչության կայքում:
Այս կիրակի Le Soir հրատարակչությունը արագ կարգով տարհանվել է այն բանից հետո, երբ թերթի հրատարակչություն է զանգահարել անհայտ անձ, ով հայտնել է, որ շենքում պայթուցիկ նյութ է տեղադրված: Մի քանի ժամ որոնումներից հետո ոստիկանության հատուկ ջոկատները ռումբ չեն հայտնաբերել, թերթի բոլոր աշխատակիցները վերադարձել են իրենց աշխատավայրեր:
Նա, ով սպառնալիքներով զանգահարել էր թերթի հրատարակչություն, հայտարարել է, որ հանդես է գալիս «ծայրահեղ ձախերի» անունից, ովքեր դժգոհ են Le Soir թերթի` Փարիզում ահաբեկչությունների հետ կապված իրադարձությունների լուսաբանումից:
Հաղորդվում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցներին հաջողվել է պարզել ենթադրյալ «հեռախոսաային ահաբեկչի» ինքնությունը: Խոսքը գնում է տպագրատան աշխատակից Թյերի Քարենեի մասին, ով 1999 թ քրեական պատասխանատվության էր ենթարկվել «Ֆլամանդական դաշինք» կուսակցության շենքի դիմաց գտնվող հեռախոսախցիկ պայթեցնելու համար:
Այդ ժամանակ պայթյունի արդյունքում ոչ ոք չէր տուժել: