Ավարտվել ու Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել «Գորիս» ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Մարեկ Հարությունյանի գործը: Ըստ մեղադրանքի՝ «Գորիս» ՔԿՀ-ի պետի տնտեսական գծով տեղակալ Մարեկ Հարությունյանը 2011թ-ի հոկտեմբերից մինչեւ 2012թ-ի փետրվարն ընկած ժամանակահատվածում չարաշահել է նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Արտակ Հակոբյանի վստահությունը եւ խաբեությամբ, կաշառք ստանալու պատրվակով վերջինիս կնոջից` Հայաստան Սահակյանից, հափշտակել է խոշոր չափերի՝ 2.124.840 դրամին համարժեք 4000 դոլար գումար: 34-ամյա Մարեկ Հարությունյանի արարքը որակվել է ՀՀ քր.օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 5-րդ կետերով: Որպես տուժող է ճանաչվել դատապարտյալի կինը՝ Հայաստանը:
Հիշեցնենք, որ սույն գործով ամբաստանյալը կալանավորվել էր այս տարվա փետրվարի 8-ին, երբ դատապարտյալի կնոջից 40 հատ 100 դոլարանոց էր վերցրել՝ պատճառաբանելով, որ վերեւներին պետք է կաշառք տա ու խոստացել, որ փետրվարի 1-ին առողջական խնդիրներ ունեցող Արտակին կտեղափոխեն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Արտակի կինն ընդունել էր առաջարկը՝ այն նպատակով, որ ամուսնուն հաճելի անակնկալ կմատուցի: Սակայն ճիշտ հակառակ արդյունքն էր ստացվել: Իրավապահները տեղեկացել էին կաշառքի պայմանավորվածության մասին, Մարեկ Հարությունյանին կալանավորել, իսկ Արտակը որոշ ժամանակ պահվել էր «Գորիս» ՔԿՀ-ում: Եւ երբ քննիչներն այդ գործով գնացել էին դատապարտյալի մոտ՝ քննչական գործողություններ կատարելու, առաջարկել էին նրան ապահովության համար տեղափոխել այլ ՔԿՀ, սակայն Արտակ Հակոբյանը հրաժարվել էր՝ կարծելով, որ եթե ինքը կաշառքի գործից անտեղյակ է, ինչից կամ ումից պետք է զգուշանա: Սակայն պատասխանը կարծես թե շատ սպասեցնել չէր տվել: Դրանից հետո մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ հոգեբանական եւ ֆիզիկական ճնշում էր սկսվել դատապարտյալի նկատմամբ. դրսից եկած ինչ-որ անձինք մտել էին Արտակ Հակոբյանի խուց, ամեն ինչ վերցրել մոտից, ձեռքերին ձեռնաշղթաներ անցկացրել եւ սկսել առանց պատճառաբանության ծեծել: Հետեւանքը եղել էր այն, որ դատապարտյալը տարբեր տեսակի մոտ 100 դեղահաբ էր խմել եւ ներարկիչի ասեղներ կուլ տվել՝ ճնշումներից ազատվելու եւ նշյալ ՔԿՀ-ից տեղափոխվելու համար:
Իհարկե, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայության ղեկավար Գոռ Ղլեչյանը հերքել էր Արտակ Հակոբյանին ճնշելու լուրը եւ նշել, որ Արտակ Հակոբյանն այնտեղ կրում է պատիժն այնպես, ինչպես մնացած դատապարտյալները. «Ինչ-որ յուրահատուկ վերաբերմունք կամ ինչ-որ բան չկա»: Բայց նկատի ունենալով, որ համակարգի աշխատակցին այդ կերպ բռնելը այդ կառույցում ընդունում են որպես համակարգի դեմ կատարված քայլ, ինչպես նաեւ հանցաշխարհում ընդունված մոտեցումներին հակասող, դժվար չէ կռահել, թե տարածված տեղեկություններից որն է իրականությանը մոտ՝ ԱՆ ՔԿՎ-ի հայտնա՞ծը, թե՞ այն, ինչը հասել է ԶԼՄ-ների ականջին:
Ինչեւէ, որոշ ժամանակ անց Արտակ Հակոբյանին հատուկ խմբի ուղեկցությամբ տեղափոխել էին Երեւան, բայց ոչ թե «Դատապարտյալների հիվանդանոց», այլ «Նուբարաշեն» ՔԿՀ: Տեղավորել էին, այսպես ասած, զրոներ կոչվող խցում, որտեղ կալանավոր կամ դատապարտյալ պահելը հավասար է մարդուն մահվան մղելուն թե՛ հոգեբանական տեսակետից, թե՛ ֆիզիկական անվտանգության: Կոտրված ապակիներով պատուհաններ, խոնավ խուց, հոսանքի բաց աղբյուրներ… Իսկ ինչ վերաբերում է հոգեբանական ճնշմանը, ապա այստեղ պահվողներին մի քիչ «այլ աչքով» են նայում:
Ինչեւէ, անդրադառնալով դատական գործընթացին՝ նշենք, որ Մարեկ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը նախատեսում է պատիժ՝ տուգանք` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով:
Սույն գործով նախագահող դատավորը Դավիթ Հարությունյանն է:
Հ.Գ. Որ ՔԿՀ-ներում շատ բան այն չէ՝ սկսած աշխատակիցների սոցիալական վիճակից մինչեւ դատապարտյալների անվտանգությունը, ցույց է տալիս հենց ԱՆ Հրայր Թովմասյանի վերջին՝ հունիսի 20-ի հրամանը: Ըստ այդմ` ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության կողմից անցկացված ծառայողական քննության արդյունքում Հ. Թովմասյանը կարգապահական տույժ էր սահմանել «Էրեբունի» ՔԿՀ-ի պահպանության ապահովման բաժնի պետ Արման Բաղդասարյանի նկատմամբ եւ իջեցրել պաշտոնը՝ ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու, քրեակատարողական ծառայողին ոչ հարիր եւ անթույլատրելի վարքագիծ դրսեւորելու համար: Իհարկե լավ է, որ ԱՆ-ն իր նախաձեռնությամբ է կազմակերպում ՔԿՀ-ների «մաքրման» գործընթացը եւ ոչ թե ԶԼՄ-ների հերթական աղմկահարույց հրապարակումից հետո:
ԿԱՇԱՌՔԻ ԳՈՐԾԸ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԼԲԵՐՏ ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ