ՌԴ Դաշնային Միգրացիոն Ծառայության բաժանմունքներն այսօրվանից սկսում են աշխատանքային ներգաղթյալներին աշխատանքային թույլտվությունների փոխարեն արտոնագրեր տրամադրել, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Համապատասխան օրենքն ուժի մեջ էր մտել հունվարի 1-ին:
Այժմ կազմակերպություններն իրենց մոտ ներգաղթյալներին աշխատանքի կընդունեն իրենց կողմից գնված արտոնագրի հիման վրա, ընդ որում՝ քվոտաների համակարգը չեղյալ է հայտարարվում: Այլևս չի կիրառվի նաև «աշխատանքի թույլտվություն» անվամբ փաստաթուղթը:
Այս նորամուծությունները վերաբերում են այն օտարերկրացիներին, ովքեր իրավունք ունեն Ռուսաստան մուտք գործել առանց վիզայի:
Սահմանը հատելու ժամանակ աշխատանքային ներգաղթյալը պետք է միգրացիոն քարտում որպես այցի նպատակ նշի «աշխատանքը» և ՌԴ մուտք գործելուց հետո 30 օրվա ընթացքում արտոնագիր ստանալու դիմում ներկայացնի: Այն կտրամադրվի ԴՄԾ տարածքային բաժանմունքներում: