ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ «ՈՒՏԿԱՆԵՐԻ» ԶՈ՞Հ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին մամուլում տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ Գյումրու քաղաքապետի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, հունիսի 23-ին դանակահարել է ոմն Պետիկ Նազարյանի, որը տեղափոխվել է Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց: Իրավապահներն այս  տեղեկությունը ո՛չ հերքում եւ ո՛չ էլ հաստատում են: Գյումրու ոստիկանության բաժնի պետ Վարուժան Շաշիկյանը մեր հարցին, թե դանակահարության հետ ինչ կապ ունի Վարդան Ղուկասյանի որդին, միայն պատասխանեց, որ իրենք դեպքի մասին տեղեկացրել են ոստիկանության լրատվական ծառայությանը, եւ հրաժարվեց որեւէ այլ տեղեկատվություն տրամադրել: Ոստիկանության լրատվական ծառայությունն էլ իր հերթին է  խուսափում  կոնկրետ անուններ հրապարակել:
Որ դանակահարություն տեղի է ունեցել, դա փաստ է: Գլխավոր ինտրիգն այստեղ այն է, թե հերթական միջադեպի հետ ինչ առնչություն ունի Ղուկասյանի «հեղինակավոր» որդին: Այս հարցն ավելի է կարեւորվում հատկապես ՏԻՄ ընտրությունների նախաշեմին: Քաղաքապետարանի մամլո խոսնակ Լիլիթ Աղեկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պնդեց, որ լուրերը «տեղեկատվական ուտկաներ են», որպեսզի վարկաբեկեն Գյումրու քաղաքապետին:  Ուշագրավն այն է, որ Լիլիթ Աղեկյանը հիշեց նաեւ 2007թ. միջադեպը՝ կապված քաղաքապետի հետ: Նա վրդովված նշեց, որ այս ամենը միմյանց հետ է կապված, իր բառերով ասած՝ «նույն ուտկաների շարքից են»:
«2007-ին էլ կրակեցին քաղաքապետի վրա, ու չբացահայտվեց»,-շեշտեց խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՀՀԿ համամասնական ցուցակ ընդգրկված Աղեկյանը: Միայն թե չմանրամասնեց, որ բացահայտելու հարցում պետք է շահագրգիռ եւ նախաձեռնող լինեին ՀՀԿ-ական ղեկավարները, եւ եթե աղմկոտ միջադեպի մանրամասներն այդպես էլ անհայտ մնացին լայն հասարակության համար, ուրեմն այդպես կամեցան իշխանությունները: Հակառակ պարագայում կյանքեր խլած կրակոցները՝ Երեւան-Գյումրի ճանապարհին, չէին կարող չբացահայտվել:
Գյումրու քաղաքապետը եւս, երբ խոսել է 2007-ի դեպքերից, մի քանի անգամ ակնարկել է, որ «իրեն խփել են» այն բանի համար, թե իբր ցանկացել է զարգացնել Գյումրին` այդպիսով հասկացնելով, որ կասկածում է իշխանություններին: Հիմա, փաստորեն, ՀՀԿ ներկայացուցիչներ Վարդան Ղուկասյանն ու նրա մամլո խոսնակը սկսելու են ավելի բաց խոսել, ինչու չէ, կասկածել, որ տեղեկատվական «ուտկաները» պատահական հասցեից չեն կարող իջեցվել, եւ որ հիմա զոհի կարգավիճակում է հայտնվել քաղաքապետի աթոռի համար 5-րդ անգամ պայքարելու պատրաստակամություն հայտնած Վարդան Ղուկասյանը:  Այլապես ինչո՞ւ հենց հիմա սկսեցին ակնարկել 2007թ. դեպքերի բացահայտված չլինելու մասին:
Անդրադառնալով հունիսի 23-ին տեղի ունեցած միջադեպին` նշենք, որ դանակահարված երիտասարդի բժիշկը` Վլադիմիր Համազարյանը, մեզ փոխանցեց, որ տուժածի վիճակն արդեն լավ է: Ի դեպ, բժիշկը հրաժարվեց հայտնել, թե քանի տեղից եւ մարմնի որ մասում է դանակի հարվածներ ստացել Պետիկ Նազարյանը: Միայն վստահեցրեց, որ դանակահարվածի կյանքին վտանգ չի սպառնում:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս