ԵՏՄ-ն կօգնի՞ «դեպորտ» արվածներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2015 թվականի հունվարի 2-ին Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ: Դրա շնորհիվ ՀՀ քաղաքացիները ԵՏՄ անդամ պետություններում` Ռուսաստանում, Բելառուսում ու Ղազախստանում, ձեռք են բերում որոշակի արտոնություններ և իրավունքներ:

2015 թվականի սկզբից ՀՀ քաղաքացիները (ինչպես և Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի քաղաքացիները) ստիպված չեն լինելու ԵՏՄ ցանկացած անդամ երկրում աշխատելու համար աշխատանքի թույլտվություն ստանալ (միության անդամ պետությունները սեփական ազգային աշխատանքային շուկան պաշտպանելու համար սահմանափակումներ դնելու իրավունք չունեն): Սրան արդեն հաջորդեց հունվարի 10-ին ուժի մեջ մտած ՌԴ-ում ներգաղթյալների մասին օրենքը, որը թույլ է տալիս Ռուսաստանում գտնվելու կանոնակարգի խախտման համար 10 տարով արգելել աշխատանքային ներգաղթյալների մուտքի իրավունքն այդ երկիր: Համաձայն փաստաթղթի` ՌԴ մինչև 10 տարով մուտք գործելու արգելքի տակ են հայտնվում այն «օտարերկրյա քաղաքացիներն ու առանց քաղաքացիության անձինք, ովքեր Ռուսաստանում իրենց նախորդ կեցության ժամանակ չեն լքել երկիրն ու այնտեղ են անդադար գտնվել 280 օրից ավելի` օրենքով նախատեսված ժամկետի ավարտի օրվանից»:

ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ ՌԴ-ում ներգաղթյալների մուտքը 10 տարով արգելելու մասին օրենքը հակասություններ չի ստեղծում ԵՏՄ անդամ երկրների քաղաքացիների իրավունքների հետ:

«Դրանք տարբեր բաներ են, մեկը մյուսի հետ կապ չունի, մեկը միասնական աշխատաշուկա է, մյուսը` միգրացիոն օրենսդրության խախտում: Խոսքը նրա մասին է, որ եթե մարդը միգրացիոն օրենսդրություն է խախտում, նրա մուտքը ՌԴ կարգելվի: Սրանք առանձին խնդիրներ են»,- նշեց Եգանյանը` հավելելով. «Եթե մարդը, խախտել է օրենքը, բայց հունվարի 1-ից հետո ցանկություն է հայտնել գնալ ՌԴ, պետք է 10 տարի սպասի: Այն անձինք, ովքեր խախտել են օրենսդրությունը, արգելվում է նրանց մուտքը ՌԴ: Իսկ եթե  մարդիկ օրենք չեն խախտել և ցանկություն ունեն հունվարի 1-ից հետո գնալ Ռուսաստան, աշխատանքի համար թույլտվություն պետք չէ վերցնել»:




Լրահոս