Ի՞ՆՉ ԿԽՈՍԻ ՆԱԽԿԻՆ ՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ շաբաթ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվեց Շիրակի մարզի քննչական բաժնի պետ Կարուշ Թովմասյանը, որն այս համակարգում էր ավելի քան 30 տարի: Այս թիվն արդեն հիմք է տալիս ենթադրելու, որ նա համակարգի հլու ծառան է եղել, տարիներ շարունակ կատարել օրվա իշխանությունների հանձնարարականները եւ դա արել ինչպես հարկն է:
Կարուշ Թովմասյանի պաշտոնանկության մասին լուրերը շրջանառվում էին դեռեւս նախորդ տարի, երբ Վլադիմիր Գասպարյանը ոստիկանական համակարգում կադրային փոփոխություններ նախաձեռնեց: Այդ ժամանակ մի շարք լրատվամիջոցներ թերեւս նույն աղբյուրից սկսեցին «մի խումբ գյումրեցիների» անունից նամակներ ստանալ, որոնցում նշվում էր, որ Գյումրիում Կարուշ Թովմասյանը դղյակներ է կառուցում, խաթարում քաղաքի ճարտարապետական տեսքը, թալանում գյումրեցիներին եւ այլն: Այդ նամակների հեղինակները հույս էին հայտնում, որ Վլ. Գասպարյանի կադրային ջարդը վերջապես կհասնի Գյումրի, եւ պաշտոնանկ կարվի նաեւ քննչականի պետը: Վերջինս այդ շրջանում լրագրողներին փոխանցում էր, որ «իր գլխին սարքում են», եւ որ այդ նամակները պատահական չեն: Անցավ մի քանի ամիս, եւ քննչականի պետն ուղարկվեց թոշակի: Լրատվամիջոցները դա կապեցին Գյումրիում վերջերս հնչած կրակոցների հետ՝ շեշտելով, որ դրանում իր մասնակցությունն է ունեցել նաեւ Թովմասյանի փեսան: Սակայն, ինչպես հասկանալի է, վերոնշյալ դեպքն ընդամենը պատրվակ էր` նրան համակարգից հեռացնելու համար:
Հարկ է նշել, որ Կարուշ Թովմասյանն անձնական լուրջ հակասություններ ուներ Գյումրու քաղաքապետի հետ, եւ երբ գլուխ բարձրացան պաշտոնանկության մասին լուրերը, նա ուղղակիորեն դա կապեց քաղաքապետի հետ, անգամ ակնարկեց, որ Գյումրիում բոլորը գիտեն՝ ովքեր են իրական դղյակներ կառուցում ու թալանում մարդկանց: Սակայն ոմանք ծածկագրերով նամակներ են ուղարկում այստեղ-այնտեղ, որպեսզի փորձեն վարկաբեկել իրեն ու իր ընտանիքին` այդ կերպ նաեւ պաշտոնից զրկելու հեռահար նպատակներ հետապնդելով: Իսկ թե ինչու պիտի Վարդան Ղուկասյանը ցանկանար «ազատվել» Կարուշ Թովմասյանից, դա էլ է բացատրելի: Բանն այն է, որ Թովմասյանի դարակում Գյումրու քաղաքապետարանի գործունեության մասով դեռեւս չբացված գործեր կային, ընդ որում՝ մի քանիսը:  
Եւ երբ սկսեցին խոսել Կարուշ Թովմասյանի պաշտոնանկության հավանականության մասին, նա խոստացավ, որ եթե իր դեմ կռիվ սանձազերծեն, ինքը կբացի դարակներում խնամքով թաքցված գործերը եւ կսկսի  հրապարակայնորեն խոսել:

ԱՐՄԵՆՈՒՀԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Գյումրի




Լրահոս