Գյումրիի դեպքից տուժած 4 ամսական երեխային 7 ժամ հետո են տեղափոխել հիվանդանոց. նրա վիճակը ծանր է (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Գյումրիում, նախնական վարկածով, ռուս զինծառայողի դաժանության զոհը դարձած Ավետիսյանների 4 ամսական երեխան գտնվում է հետվիրահատական վիճակում:

Ինչպես Armlur.am-ին հայտնեց «Գյումրու Մոր և Մանկան ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն Աշոտ Կուրղինյանը, Սերյոժա Ավետիսյանը հիվանդանոց է տեղափոխվել վիրավորում ստանալուց 7-8 ժամ հետո միայն, ինչն էլ պատճառ է դարձել նրա վիճակը ծանր գնահատելուն:

Բժշկի փոխանցմամբ՝ երեխան կտրած-ծակած վնասվածքներ է ստացել կրծքավանդակի շրջանում:

«Վերքերը մի քանիսն են, որոնց թվում կան սալջարդ վերքեր և մեկը՝ թափանցող: Այս պահին երեխան Վերակենդանացման բաժանմունքում է և գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ»,- նշեց բժիշկ Կուրղինյանը՝ դրական համարելով այն, որ երեխայի կենսական օրգանները չեն վնասվել, ինչը դրական նախանշանների երաշխիք է:

Այդուհանդերձ, մեր զրուցակիցը դժվարացավ որևէ հստակ կանխատեսում անել՝ սա պարզաբանելով այն հանգամանքով, որ ամեն վայրկյան շոկային վիճակում գտնվող երեխայի վիճակը կարող է փոփոխվել:

Հիշեցնենք, որ այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիում. սպանված են գտել մեկ ընտանիքի վեց անդամներին: Հայտիի են զոհերի անունները՝ ընտանիքի հայրը` Սերյոժա Կարապետի Ավետիսյանը, կինը` Հասմիկ Ռաֆիկի Ավետիսյանը, նրանց որդին` Արմեն Ավետիսյանը, դուստրը` Արաքս Ավետիսյանը, հարսը` Աիդա Ավետիսյանը, և 2 տարեկան թոռը` Հասմիկ Ավետիսյանը:

Սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է Գյումրու 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:

Տեսանյութը՝ «Ցայգ»-ի:




Լրահոս