Հայրապետյանի տղաներն էլի մարդ են ծեծել.լուսանկարներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
” ժողովուրդ” օրաթերթը գրում է, որ մինչ ուրբաթ օրն ամբողջ հայ ազգն իր ցասումն էր արտահայտում ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին՝ Նեմեց Ռուբոյին պատկանող “Հարսնաքար” ռեստորանում տեղի ունեցած վայրագության կապակցությամբ, որի արդյունքում 10 օր շարունակ անգիտակից վիճակում մնալուց հետո մահացավ բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, Հայրապետյանի թիկնապահներն այդ ընթացքում կրկին մարդ են ծեծել: 
Մեզ հայտնի դարձավ, որ ուրբաթ օրը 81 համարի երթուղու վարորդ Սմբատին Հայրապետյանի թիկնապահները դաժանաբար ծեծել են ու արգելել Ավանում “երեւալ”:
Ուրբաթ օրը “փակ” հեռախոսահամարից ահազանգ ստացավ, որ Ավան վարչական շրջանում 81 համարի երթուղայինների վարորդներին արգելում են ,գիծ դուրս գալե: Գնացինք դեպքի վայր` պարզելու, թե ինչ է կատարվում: Տեղեկացանք, որ այդ օրն ինչ-որ միջադեպ է տեղի ունեցել, որի պատճառով վարորդներին արգելել են աշխատել: Նշված օրը չկարողացանք վարորդներից որեւէ մեկի հետ խոսել, քանի որ վերջիններս պարզապես անհետացել էին: 
Երթուղին չէր սպասարկվում:
Երեկ եւս ահազանգ ստացավ, թե` ,հասեք, փրկեք, 81 համարի վարորդներին էլի արգելում են գիծ դուրս գալ, ծեծում են, մի բան արեքե: Կրկին այցելեցինք 81 համարի երթուղու վերջնականգառ, որտեղ ականատես եղանք, թե ինչպես են վերը նշված երթուղու վարորդները “փախեփախ” աշխատում, իսկ որոշներն էլ ընդհանրապես վերջնագիծ չեն գնում: Տեղի բնակիչներից տեղեկացանք, որ արդեն 3 օր է՝ այդ երթուղին, կարելի է ասել, չի աշխատում, քանի որ գիծ են դուրս գալիս հատուկենտ մեքենաներ:
Որոշ ժամանակ սպասելուց հետո հայտնվեց 81 համարի մի երթուղային, որի վարորդը, երկու վայրկյան անգամ չկանգնելով վերջնականգառում, ուղեւորներին իջեցնելուց հետո արագ հետ գնաց:
“Ժողովուրդ”-ը փորձեց մի քանի խոսք փոխանակել շտապող վարորդի հետ, սակայն երբ նա փորձում էր փողոցն անցնել, հանկարծ հայտնվեց սպիտակ գույնի “Տոյոտա” ջիփ 20 SO 888 համարանիշի մի ավտոմեքենա, որի ղեկին նստած երիտասարդը վարորդին պատուհանից “հորդորեց”. “Գիծ դուրս չգաք, չենք ասե՞լ՝ էլ չքշեք, էս կողմերը չգաք”. ասաց, արագ քշեց մեքենան ու հեռացավ:
81 համարի երթուղայինի վարորդը, որը ոչ մի կերպ չցանկացավ ներկայանալ (ասաց, որ ինքն իր ընտանիքի անվտանգության համար է անում) պատմեց հետեւյալը. “Հենց նոր էդ “Պրադո”-ն ասեց, թե ձեզ ասել ենք` էլ մի քշեք, ես էլ ասի` քաղաքապետարանը կարգադրել ա՝ քշենք, ինքն էլ շատ կոպիտ ձեւով ասեց՝ ձեզ բան ենք ասել, ու գնաց: “Հայրապետյան Ռուբենի ախրաննիկներից ա էդ տղեն, որ գալիս զգուշացնում ա”: 
Վարորդը վախեցավ որեւէ այլ բան ասել, նստեց մեքենան ու արագ հեռացավ: Այնուհետեւ արդեն Էրեբունի վարչական շրջանում, որտեղ գտնվում է 81 համարի երթուղու մյուս վերջնականգառը, ի վերջո, կարողացանք զրուցել վարորդների հետ, որոնք հավաքված էին այնտեղ եւ վախվորած չէին հասկանում, թե այդ իրավիճակից ինչպես կարող են դուրս գալ: Վերջիններից ոչ ոք չցանկացավ ներկայանալ, նշեցին, որ եթե չձայնագրենք իրենց խոսքերը, իրենք կպատմեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել:
Վարորդները պատմեցին, որ ուրբաթ օրը 81 համարի երթուղայինի մի վարորդ, որի անունը Սմբատ է ու ապրում է Ավան վարչական շրջ անում (բայց թե կոնկրետ որ թաղամասում, չնշեցին), հայտնվել է այսպիսի իրավիճակում. “Տրոլեյբուսը կանգնած ա լինում, մեր շոֆերներից մեկն ուզեցել ա դրա հետեւից մտնի, Հայրապետյանի թիկնապահի մեքենաներից մեկը էս կողմից էկել ա, ու էս մեր շոֆերն ուզեցել ա մեքենան փախցնի` տրոլեյբուսին չխփելու համար, դուրս ա էկել էդ մեքենայի դիմացը, սրանք էլ իջել են, Սմբատին ծեծել են, թե դու ով ես, որ մեքենա քշես մեր վրեն”:
Վարորդները պատմեցին, որ Սմբատին ծեծել են դաժանաբար, գլուխը, երեսն ու ոտերն ամբողջությամբ արյան մեջ են եղել. “Վրեն մի հատ սաղլամ տեղ չեն թողել, ասում ա` տարել, պադվալի մեջ են ծեծել, ինքն էլ տարել, մի կերպ մեքենան կանգնացրել ու գնացել ա, մինչեւ հիմա չենք էլ իմանում՝ ուր ա, ոնց ա, ասում են՝ տունը պառկած ա, սկի չեն թողել, որ տանեն հիվանդանոց: Ու հիմա՝ էդքանից հետո, մենք ո՞նց աշխատենք: Ասում են՝ կկալանավորենք, էս կողմերը չերեւաք, ձեր գծի տիրոջն ասեք, թող գա, մեր հետ հանդիպի: Մենք էլ, մեր ընտանիքի անդամների անվտանգությունից ելնելով, վախում ենք մի բան անենք:
Ի՞նչ անենք, կդնեն կծեծեն, էդ ջահել բժշկին չծեծեցի՞ն, մահացավ, էդ օրին եք ուզում ընգնե՞նք”: Մեր զրուցակիցները նշեցին նաեւ, որ իրենք որքան տեղյակ են` սպիտակ 20 SO 888 համարանիշի ջիփի վարորդը ,Ալադինե կոչվող ռեստորանում է աշխատում, բայց թե որտեղ է գտնվում այդ ռեստորանը, տեղյակ չեն, միայն գիտեն, որ այն Ռուբեն Հայրապետյանին է պատկանում: 
 Փորձեցինք զրուցել նաեւ 81 համարի երթուղու կարգավարի (“դիսպետչեր”) հետ, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց մեզ հետ խոսել կամ որեւէ տեղեկություն տրամադրել: Տեղեկացանք, որ 81 համարի երթուղու “տերը” ԱԺ նախկին պատգամավոր, վաղամեռիկ Մելիք Գասպարյանի որդին է, որն այժմ երկրում չէ: 
Թե ինչպես կհանգուցալուծվի այս իրավիճակը, թերեւս պարզ կդառնա առաջիկա օրերին, իսկ առայժմ փաստը մնում է փաստ, որ Հայրապետյանի թիկնապահներն այնքան են լկտիացել, որ դեռեւս մեկին հողին չհանձնած՝ մյուսին են ծեծում, իսկ մի ամբողջ երթուղային գծի տասնյակ վարորդների արգելում իրենց հացը վաստակել: Ու այս ամենը կատարվում է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի սիրելի Ավանում՝ նույնքան սիրելի Հայրապետյանի թիկնապահների կողմից”,- գրում է “Ժողովուրդ” օրաթերթը:




Լրահոս