Որոշ կարեկցողներ անհամբեր սպասում էին, որ Վահեն մահանա` աղմուկ բարձրացնեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իր մոտ տպավորություն է ստեղծվում, թե ոմանք ավելի շատ ցանկանում էին, որպեսզի “Հարսնաքար” ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվելու պատճառով մահացած ռազմական բժիշկ Վահե Ավետյանը չապրեր, որպեսզի աղմուկ բարձրացնեն։ Արմեն Աշոտյանը խնդրում է չքաղաքականացնել Վահե Ավետյանի մահը, սակայն միևնույն ժամանակ համաձայն է այն տեսակետներին, որ նման դեպք Հայաստանում կարող է տեղի ունենալ ցանկացածի հետ: “Շատ եմ ցավում, որ չկարողացանք փրկել Վահե կյանքը, դեպքը ողբերգական է, որը նստվածք է թողել բոլորիս մոտ”,– ասաց նա:
“Հարսնաքարը” բոյկոտելու կամ ԱԺ “Հայաստանի Հանրապետական կուսակցություն” խմբակցության պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին մանդատից զրկելու պահանջները նախարարի մոտ տպավորություն են ստեղծել, որ որոշ կարեկցողներ անհամբեր սպասում էին , որ Վահե Ավետյանը մահանար, որպեսզի աղմուկ բարձրացնեին։ “Գուցե շատ ցինիկ բան եմ ասում, բայց ես այդ մարդուն չեմ ճանաչել և առաջին պահից, երբ իմացանք դեպքի մասին մինչև որ Վահեն մահացել է, իրականում մեջս նյարդերի գունդ կար, անհանգստություն ու ցավ այս ամեն ինչի համար, բայց իմ մոտ ստեղծվում է տպավորություն, որ որոշ մարդիկ ավելի շատ ցանկանում էին, որ այս ողբերգական միջադեպը ավարտվի մահվան ելքով, քան ապաքինումով”,- ասաց նա։




Լրահոս