Մենք հո հավի ճուտ չե՞նք, որ գան մեզ մորթեն. գյումրեցի արվեստագետ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու տասնյակից ավել գյումրեցիներ ժամեր առաջ հավաքվել էին Գյումրիի Վարդանանց հրապարակում՝ իրենց բողոքն արտահայտելու այսօր քաղաքում կատարված ողբերգական դեպքի հետ կապված:

Հավաքվածները նշեցին, որ 100-ից ավել քաղաքացի դեռ այն տան տարածքում է, որտեղ կատարվել է դեպքը. վերջիններս իրենց կմիանան ավելի ուշ: Հավաքը չի սահմանափակվելու միայն մեկ օրով: Քանդակագործ, արվեստագետ Արթուր Գրիգորյանը Armlur.am-ի հետ զրույցում նշեց, որ այստեղ են, որպեսզի փարատեն վախի մթնոլորտը, որը համակել է գյումրեցիներին:

«Մենք մեր քաղաքում ազատ ապրելու իրավունք ունենք, մենք հո հավի ճուտ չե՞նք, որ գան մեզ մորթեն: Մեր իշխանությունը պետք է անի ամեն ինչ, որպեսզի գյումրեցին իր քաղաքում հանգիստ ապրի: Իսկ ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազային, ապա ռուսական կողմը պարտավոր է համապատասխան արձագանք և վերաբերմունք ցույց տալ»,-նշեց արվեստագետը:

arvestaget

«Այստեղ ենք հավաքվել, քանի որ կորցրել ենք հավատը իրավապահների հանդեպ: Թեկուզ մենակ էն, որ մինչև էս պահը հանցագործին հայտնաբերել և ստույգ տեղեկություն նրա վերաբերյալ հայթայթել չի հաջողվում նրանց»,-ասաց երիտասարդ ակտիվիստ Լևոնը:

aktivist

Մեզ հետ զրույցում «Ասպարեզ» մամուլի նախագահ Լևոն Բարսեղյանը կատարված ոճրագործության հետ կապված համեմատություն անցկացրեց.

«Սա Գյումրիում առաջին դեպքը չէ, երբ ռուս զինվորականը հայ է սպանում: Հիշում եմ՝ 1999 թվականի ապրիլին ռուսական սահմանապահ զորամասից երկու հարբած զինվոր զենքները ձեռքներին մտան քաղաք և սպանեցին երկու, վիրավորեցին 14 մարդու: Սպանության աննորմալության առումով երկու դեպքերն էլ նման են:

Հիշեցնեմ նաև, որ անցյալ տարի ռուսական կողմի թափթփվածության պատճառով երկու երեխա Մարմաշենում պայթեցին ականի վրա, որի համար նույնպես ոչ-ոք պատասխանատվության չենթարկվեց: Ի վերջո ինչ-որ բան պետք է արվի: Անգամ պետք է սգո օր հայտարարել: Մեր իշխանությունը պետք է կոշտ արձագանք տա: Ինչ-որ բան պետք է անի նաև ռուսական հյուպատոսարանը: Թե սրանք դարձան մեզ համար սովորական բաներ»,-ընդգծեց Լ. Բարսեղյանը:

Հավաքվածները նշեցին, որ նմանատիպ ինքնաբուխ հավաքները շարունակվելու են, և բոլորով միասին վաղը չէ մյուս օրը մասնակցելու են զոհվածների քաղաքացիական հուղարկավորությանը:

havaq

havaq2

havaq3

Արևիկ Հակոբյան

Գյումրի




Լրահոս