armlur .am-ը հայտնել էր, որ այսօր՝ հուլիսի 3-ին ժամը 09.42-ին տեղեկություն է ստացվել Արտակարգ իրավիճակների նախարարություն, որ Երևանի Պարոնյան փողոցի թիվ 20 շենքի տանիքում զինամթերք է հայտնաբերվել:
Նշված դեպքի կապակցությամբ armlur .am-ին նոր մանրամասներ է հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Ըստ այդմ՝ նշված շենքը “Երկրապահ” կամավորական միության “Կենտրոն” տարածքային բաժանմունքի նախկին շենքն է, որտեղ քանդման աշխատանքներ են կատարվում: Գ. Շամշյանը հայտնում է, որ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք, այդ թվում հակատանկային ականներ, նռնակներ, պայթուցիչներ, ճայթիչներ, ինչպես նաև քիմիական քողարկիչներ: Մասնագետների կարծիքով` եթե հանկարծ տեղի ունենար պայթյուն, ապա հետևանքները կլինեին ողբերգական: Զենք-զինամթերքի հայտնաբերման վայրի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերը, այդ թվում բարձրահարկ շենքերը կփլուզվեին: Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում և այս պահին հետաքննիչները զննում և արձանագրում են հայտնաբերված ռազմամթերքը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի